Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ելույթ ունենալով Ազգային ժողովի իններորդ գումարման առաջին նստաշրջանին, ասել է, որ խորհրդարանի աշխատանքի արդյունքները պետք է գնահատվեն ոչ միայն ընդունված օրենքների քանակով, այլև դրանց որակով, հանրային ազդեցությամբ և պետության երկարաժամկետ զարգացմանը նպաստելով։
«Այսօր իր աշխատանքն է սկսում ՀՀ ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ձևավորված նոր Ազգային ժողովը։ Սա մեր պետական կյանքի հերթական կարևոր հանգրվանն է, որը վերահաստատում է ժողովրդավարության հիմնարար սկզբունքը. իշխանությունը բխում է ժողովրդից և իրականացվում է նրա կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով։
Մեզ անհրաժեշտ է քաղաքական մշակույթ, որտեղ անհամաձայնությունը չի վերածվում անհանդուրժողականության, իսկ սկզբունքայնությունը երբեք չի բացառում փոխադարձ հարգանքը։ Խորհրդարանում տարաձայնությունները բնական և երբեմն անխուսափելի են, սակայն դրանք արժեք ունեն միայն այն դեպքում, երբ ծառայում են ավելի լավ որոշումների կայացմանը, ավելի արդար օրենքների ընդունմանը և պետության զարգացմանը»,- նշել է նա։
Նախագահի խոսքով՝ հանրությունն ակնկալում է, որ Ազգային ժողովը կլինի այն վայրը, որտեղ տարբեր քաղաքական հայացքները ոչ թե կխորացնեն բաժանարար գծերը, այլ կմրցեն պետության համար առավել օգտակար լուծումներ առաջարկելու հարցում։