ԱԺ նախագահի միակ թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

Հաշվիչ հանձնախմբի ձևավորումից հետո Ազգային ժողովն անցավ խորհրդարանի խոսնակի ընտրության հարցին:

Առաջադրվեց միայն «Քաղաքացիական պայմանագրից» Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը, ով նախորդ խորհրդարանում ԱԺ փոխխոսնակն էր:

Իրենց թեկնածուին ներկայացրեց խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը: Ռուբինյանի թեկնածության վերաբերյալ որևէ պատգամավոր Մանավազյանին հարց չուղղեց:

Ապա ելույթ ունեցավ Ռուբեն Ռուբինյանը:

ԱԺ նախագահի թեկնածուն առաջարկով դիմեց ընդդիմությանը՝ կոտրել ձևավորված համազգային կոնսենսուսը, որ այս խորհրդարանը լինելու է ավելի վատը, քան նախորդը, վեճերի ու վիրավորանքների վայր։

Ռուբինյանն ասաց՝ դրա պատճառները խորն են, որովհետև ընդդիմությունը թավշյա հեղափոխության արդյունքները չի ընդունել, ինչն ավելի է խորացել 2021-ին:

Այս նորընտիր խորհրդարանում կա պատգամավոր, որ հեղափոխությունն անվանում է թուրք-ադրբեջանական, այսինքն՝ չի ընդունում, նշեց ԱԺ նախագահի թեկնածուն՝ նկատի ունենալով «Ուժեղ Հայաստան»-ից Էդգար Ղազարյանին:

Leave a Comment