«Որտե՞ղ է Հայոց հայրապետը», – նախագահին հարցրեց Նարեկ Կարապետյանը

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը տեղից հարց ուղղեց նրան. – «Պարոն նախագահ, որտե՞ղ է Հայոց հայրապետը»:

Հարցն անպատասխան մնաց, Կարապետյանը կրկնեց այն, ապա նրան միացան ընդդիմադիր այլ պատգամավորներ ևս:

Խաչատուրյանը հարցին չպատասխանեց, նիստը վարող Կնյազ Հասանովը հորդորեց չխանգարել նիստը:

Թեև Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով սահմանված է նաև, որ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Ամենայն Հայոց կաթողիկոսն ու հանրապետության նախագահը, Գարեգին Երկրորդը նիստին ներկա չէ՝ նրան հրավեր չի ուղարկվել: Դա անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին այդպիսի դեպքն է:

Նախագահի ելույթից հետո ընդդիմադիր երկու խմբակցությունները չծափահարեցին, նաև ոտքի չկանգնեցին, երբ Հասանովն ընթերցեց պատգամավորի երդման տեքստը, թեև ստորագրեցին այն:

Ընդդիմադիրները չծափահարեցին նաև երբ նախագահողն ընթերցում էր իշխող «Քաղաքացիական պայմանագրի», ապա նաև հենց իրենց խմբակցությունների պատգամավորների անունները:

ՔՊ-ականները ծափահարեցին թե՛ իրենց և թե՛ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների անունների հրապարակման ժամանակ, ծափերն ուժգնացան, երբ նախագահողն ընթերցեց «Ուժեղ Հայաստան»-ից Էդգար Ղազարյանի անունը:

Ընդդիմադիրները ծափահարեցին, միայն երբ հնչեց «Հայաստան» դաշինքից Արթուր Սահակյանի անունը, ով տնային կալանքի տակ է:

Ապա Հասանովը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար է ընտրվել Արուսյակ Մանավազյանը, «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար՝ Նարեկ Կարապետյանը, «Հայաստան» խմբակցության ղեկավար՝ Աննա Գրիգորյանը:

Leave a Comment