Օգոստոսի 2-ին մեկնարկած Ազգային ժողովի իններորդ գումարման առաջին նստաշրջանը պաշտոնապես բացեց նորընտիր խորհրդարանի ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը, որը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Կնյազ Հասանովը հիշեցրեց, որ որպես տարեց պատգամավոր՝ բացել է 6-րդ, 7-րդ, 8-րդ նստաշրջանները, ապա, դիմելով ըննդիմադիր և իշխանական պատգամավորներին՝ հորդորեց մի կողմ թողնել տարաձայնությունները, հավաքվել պետության շուրջ, որպեսզի երկիրն ընթանա զարգացման ճիշտ ուղիով:
«Այսօր մեզ համար, մեր ժողովրդի համար օդ ու ջրի պես անհրաժեշտ է խաղաղությունը, որի շնորհիվ մեր երկիրը պետք է տնտեսապես զարգանա և հզորանա: Միայն հզոր երկրի հետ և՛ թշնամիները, և՛ բարեկամները սկսում են հաշվի նստել: Պատերազմը ոչ մեկին լավ բանի չի բերում՝ բացի ավերածությունից, արյունահեղությունից, մարդկային զոհերից ու կորուստներից, դրա համար պետք է անել ամեն ինչ, որպեսզի հարցերը չլուծվեն պատերազմի միջոցով, այլ դիվանագիտական խաղաղ ճանապարհով»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության շնորհիվ մի շարք գերտերությունների և հարևան երկրների հետ հաստատվել են բարիդրացիական, լավ հարաբերություններ, որոնց շնորհիվ ՀՀ-ն ապրում է և կապրի երկարատև խաղաղություն:
Ելույթի ավարտին կենդանի կատարմամբ հնչեց ՀՀ հիմնը: