Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որովԿառավարությունը նախատեսում է սահմանել գետերի վարարումների կանխարգելման, աղակալված հողերի լվացման, հողերի խոնավալիցքավորման և ոռոգման նպատակով ջրի անհատույց մատակարարման միասնական կարգ։ Նախագծով առաջարկվում է կարգավորել այն դեպքերը, երբ ջրային համակարգերից ինքնահոս եղանակով բեռնաթափվող կամ ջրամբարների լցվածության հետևանքով առաջացած ավելցուկային ջրերը կարող են տրամադրվել ջրօգտագործողներին։
Տեղեկանք-հիմնավորում
«Գետերի վարարումների հետևանքով հեղեղումները կանխելու, ոռոգելի աղակալված հողերի լվացման, ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելու և ոռոգում կատարելու նպատակով ջրի անհատույց մատակարարման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
Անհրաժեշտությունը`
«Գետերի վարարումների հետևանքով հեղեղումները կանխելու, ոռոգելի աղակալված հողերի լվացման, ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելու և ոռոգում կատարելու նպատակով ջրի անհատույց մատակարարման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը բխում է՝ սույն թվականի մարտի 5-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխութուն կատարելու մասին» ՀՕ-43-Ն օրենքի դրույթների պահանջներից։ Մասնավորապես նշված իրավական ակտի համաձայն փոփոխված ՀՀ ջրային օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է հետևյալը՝ «Գետերի վարարումների հետևանքով հեղեղումները կանխելու, ոռոգելի աղակալված հողերի լվացման, ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելու և ոռոգում կատարելու նպատակով բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված և ոչ ջրամբարներից բաց թողնված ջուրը սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան տրված ջրօգտագործման թույլտվությամբ ջրօգտագործողներին մատակարարվում է անհատույց՝ կառավարության որոշմամբ սահմանված կարգով:»
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները`
2026 թվականին նախորդող տարիներին՝ Նախագծով սահմանվող կարգի փոխարեն, յուրաքանչյուր տարվա համար ընդունվել է ՀՀ կառավարության անհատական որոշում, որով կարգավորվել են տվյալ տարվա գետերի վարարումների հետևանքով հեղեղումները կանխելու, ոռոգելի աղակալված հողերի լվացման, ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելու և ոռոգում կատարելու նպատակով ջրերը անհատույց տրամադրելու գործընթացը։ ՀՀ ջրային օրենսգրքի 26-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի քննարկման ընթացքում՝ Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 21.04.2025թ. կայացած նիստի NԿԱ/114-2025 արձանագրության 1-ին կետի համաձայն Վարչապետի աշխատակազմը առաջարկել էր յուրաքանչյուր դեպքի համար՝ ՀՀ կառավարության կողմից անհատական որոշումներ ընդունելու փոխարեն, օրենքով նախատեսել ՀՀ կառավարության իրավասությունների շրջանակներին վերաբերող համապատասխան գործընթացի իրականացման կարգ սահմանելու հարց, ինչը և սահմանվել է օրենքով։
Գետերի վարարումների ժամանակ անհրաժեշտություն է առաջանում կանխարգելից միջոցառումների իրականացման, որոնցից հիմնականը ջրամբարներում և այլ հիդրոտեխնիկական կառուցվածքներում կուտակված ջրային ռեսուրսների լիցքաթափումն է, նշված գործընթացը հիմնականում համընկնում է ոռոգելի աղակալված հողերի լվացման և ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելու ժամանակաշրջանին։ Նախագծի ընդունումը պայմանավորված է ջրային համակարգերի միջոցով բեռնաթափվող բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված և ոչ ջրամբարներից բաց թողնված ջրերը, ինչպես նաև ջրամբարների լցվածության դեպքերում առաջացած ավելցուկային ջրերը ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելու և ջրօգտագործման թույլտվության շրջանակներում ոռոգում կատարելու նպատակով մատակարարումը համարել անհատույց համաձայն Նախագծով սահմանվող կարգի։ Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ Նախագծով սահմանվող կարգի 4-րդ կետում օգտագործվող «ջրամբարների լցվածության դեպքերում առաջացած ավելցուկային ջրերը» ձևակերպումը, իր բովանդակային առումով համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասում նշված «բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված և ոչ ջրամբարներից բաց թողնված ջուրը» ձևակերպմանը, քանի որ յուրաքանչյուր ջրամբարի ինժեներական կառուցվածքում նախատեսված է «հեղեղային ջրթող» կոչվող կառույց, և ջրամբարի ամբողջական լցվածության դեպքում նշված ջրթողի միջոցով առաջացած ավելցուկային ջրերը ինքնահոս հեռացվում են ջրամբարներից՝ տեխնոլոգիական խնդիրներ և վթարներ չառաջացնելու համար։
2026 թվականի գարնանը, ինտենսիվ տեղումներով պայմանավորված վարարումներից խուսափելու նպատակով, գետերի հուները ջրային համակարգերի միջոցով նույնպես բեռնաթափվել են։ Հաշվի առնելով նշված հանգամանքը Նախագծով առաջարկվել է կարգով սահմանվող կարգավորումները տարածել 2026 թվականի ապրիլի մեկից ծագած փաստացի հարաբերությունների վրա, քանի որ սույն թվականի ապրիլի մեկից բեռնաթափվող ջրաքանակները ինքնահոս եղանակով ուղղվել են ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելու նպատակով, իսկ սույն թվականի մասիսի մեկից բեռնաթափվող ջրաքանակներն ինքնահոս եղանակով տրամադրվել են ոռոգման ջրօգտագործողներին։
Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը
Յուրաքանչյուր տարի գետերի ջրհավաք ավազաններում բավարար ձնաշերտի առկայության, ինչպես նաև գարնանային ինտենսիվ տեղումների և վարարումների հավանականության դեպքում կառավարության որոշմամբ սահմանված կարգով հնարավորություն կստեղծվի ջրային համակարգերի միջոցով բեռնաթափվող բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված և ոչ ջրամբարներից բաց թողնված ջրերը, ինչպես նաև ջրամբարների լցվածության դեպքերում առաջացած ավելցուկային ջրերը ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելու և ջրօգտագործման թույլտվության շրջանակներում ոռոգում կատարելու նպատակով ջուրը մատակարարել անհատույց:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները` ներկայացված որոշման նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի կողմից:
Տեղեկատվություն
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխութուն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ․ ծրագրի «3.3 Ջրային տնտեսություն» բաժնի միջոցառումներից։