Հայկական բերքի ճանապարհը երկարել է․ նոր շուկաներ, նոր փորձություններ, բայց՝ «եվրոպականացված» սպառում

Հայկական ծիրանի ճանապարհն այս տարի երկարել է։ Այն արդեն հասել է նոր շուկաներ՝ Ֆրանսիա, Գերմանիա, Օման։ Բայց մինչև խանութի դարակ հասնելը յուրաքանչյուր խմբաքանակ անցնում է բուսասանիտարական ստուգումներ, լաբորատոր փորձաքննություններ և եվրոպական շուկայի խիստ պահանջները։

Փարիզի մթերային խանութներում գնորդները մանրահայկական ծիրանը, Գերմանիայում հայերը սոցիալական ցանցերում միմյանցից հետաքրքրվում են, թե որտեղ կարելի է գտնել Հայաստանից հասած բերքը, իսկ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայկական ծիրանից պատրաստած մուրաբան անվանում է «ազատության բանկաներ»։

Միաժամանակ, Հայաստանի արտադրողները շարունակում են հաղթահարել նոր շուկաներ մտնելու համար անհրաժեշտ իրավական և սանիտարական բոլոր փուլերը, իսկ արտահանման աշխարհագրությունն աստիճանաբար ընդլայնվում է՝ ներառելով ոչ միայն ծիրանը, այլև մյուս գյուղատնտեսական արտադրանքը։

Հայկական ծիրանը, կեռասն ու նեկտարինն օրերս հասան նաև Օմանի Սուլթանություն։ Ֆրանսիայում ևս հայկական ծիրանն արդեն վաճառքում է։ Հայաստանի դեսպանությունը հրապարակել է հինգ մթերային խանութների ցանկը, որտեղ կարելի է ձեռք բերել հենց հայ գյուղացու արտադրած միրգը։ Խանութներից մեկը Փարիզում է, մյուսները՝ Իլ դը Ֆրանս շրջանի քաղաքներում։ Սոցցանցերում տեսանյութեր կան, թե ինչպես են ֆրանսիացի գնորդներն արագորեն դատարկում հայկական ծիրանով արկղերը։ 

«Հայկական ամառվա համը հասել է Ֆրանսիա»,- նշել է դեսպանությունը։

Հունիսի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Հայաստանից գյուղմթերքը Եվրամիություն առանց մաքսատուրքի արտահանելու քաղաքական պայմանավորվածության մասին։ Արդեն հունիսի 28-ին հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը հասավ Եվրամիություն։ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը նշել էր, որ նոր շուկաները հայ արտադրողներին հնարավորություն կտան դիվերսիֆիկացնել արտահանումը։

Կոսը հրապարակել էր նաև լուսանկար՝ ձեռքին հայկական ծիրանից պատրաստած ջեմի տարաներ՝ պատմելով, որ Հայաստանից Բրյուսել վերադարձել է ծիրանի մեծ զամբյուղով, իսկ դրանցով լցվածն ընկերներից մեկն անվանել է «ազատության տարաներ»։

«Երբ գնում եք սուպերմարկետ, ուշադրություն դարձրեք հայկական ծիրանի, սալորի կամ բալի վրա։ Սա հնարավորություն է օգնել հայ գյուղացիներին»,- գրել էր նա։

Հայկական ծիրանի նկատմամբ հետաքրքրությունը նկատելի է նաև Գերմանիայում։ Սոցցանցային խմբերում գերմանահայերն այս օրերին ակտիվորեն կիսվում են, թե որ քաղաքում և որ խանութում կարելի է գտնել Հայաստանից հասած բերքը։ Ոմանք նույնիսկ միմյանցից են գնում հայկական ծիրանը։

Գերմանիայում 8 կիլոգրամ հայկական ծիրանն արժե շուրջ 60 եվրո, սակայն բարձր գինը կարծես չի նվազեցնում պահանջարկը։

«Որտե՞ղ կարելի է գտնել հայկական ծիրան», «Մեզ մոտ արդեն վաճառվում է», «Ովքե՞ր են բերել»՝ նման գրառումներն ու մեկնաբանությունները հաճախակի են դարձել գերմանահայերի առցանց խմբերում։ Գերմանահայ օգտատերերից մեկն էլ գրել է. «Հայկական անուշ ծիրանը հասավ Գերմանիայի մեր բնակարաններ։ Օգնենք, որ այն տարածվի և մտնի յուրաքանչյուր հայի ընտանիք։ Դրանով կօգնենք նաև հայ գյուղացուն»։

Մասնավոր ընկերության տնօրեն Դավիթ Սուքիասյանը, որը երկար տարիներ ապրում է Գերմանիայում, կազմակերպում է հայկական թարմ մթերքի, մասնավորապես՝ ծիրանի արտահանումը Գերմանիա։ «Ռադիոլուրի» հետ զրույցում նա ասում է, որ մինչև գերմանական խանութների դարակներին հասնելը հայկական ծիրանը պետք է անցնի իրավական և սանիտարական մի շարք ընթացակարգեր։

 «Գործընթացը սկսվում է Հայաստանում, որտեղ ձևակերպվում է պաշտոնական արտահանումը և տրամադրվում համապատասխան բուսասանիտարական փաստաթուղթը։ Դրանից հետո ապրանքը տեղափոխվում է Գերմանիա։ Սակայն այստեղ միրգն ընդունելու իրավունք ունի միայն այն ընկերությունը, որն ունի թարմ արտադրանքի ներկրման (իմպորտի) հատուկ լիցենզիա։ Լիցենզիան ներառում է նաև խիստ պահանջներ այն մասին, թե ինչ պայմաններում ես պահպանում միրգը, ինչպիսի սառնարանային հնարավորություններ ունես և այլն։ Երբ ծիրանը ժամանում է Գերմանիա, վեց տարբեր պետական մարմին ստուգում է այն։ Իրականացվում են տարբեր լաբորատոր փորձարկումներ՝ սնկային հիվանդությունների, վնասատուների և այլ չափանիշների համապատասխանության մասով։ Մենք ստանում ենք 6-7 ստուգման ակտ։ Բոլոր մարմինները մանրակրկիտ ստուգում են ապրանքը, և միայն այն դեպքում, երբ այն լիովին համապատասխանում է եվրոպական բոլոր չափանիշներին, թույլատրվում է դրա վաճառքը»։

Մինչ հայկական ծիրանը հաղթահարում է եվրոպական շուկաներ մտնելու պահանջները, ընդլայնվում են նաև արտահանման մյուս ուղղությունները։

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ հայկական գյուղարտադրանքի արտահանումը վրացական շուկա ավելանում է։ Հուլիսի վերջին Վրաստան են մտել հայկական գյուղմթերքով բեռնված առաջին խմբաքանակները։ Հարևան երկրում նաև հաջողված են համարում հայաստանյան արտադրության ձկնամթերքի՝ վրացական շուկայում իրացման բանակցությունները։ Ակնկալվում է, որ այն ևս հասանելի կլինի վրաց սպառողներին։

Թվերի հետևում հազարավոր արկղեր են, գյուղացիական տնտեսություններ և նոր շուկա փնտրող արտադրողներ։

Ընդամենը մեկուկես ամսում Հայաստանից դուրս է եկել ավելի քան 1500 տոննա պղպեղ, մոտ 800 տոննա լոլիկ, ավելի քան 213 տոննա ելակ և հարյուրավոր տոննա այլ թարմ բերք՝ ուղղվելով տարբեր երկրների սպառողներին։ 58 տոննա ծաղիկ ևս հասել է այլ շուկաներ։

Այս ընթացքում ընդլայնվել է նաև հայկական արտադրանքի հասանելիության աշխարհագրությունը։ Ծաղիկներն արդեն արտահանվել են 26 երկրի շուկա՝ Բուլղարիա, Գերմանիա, Ռումինիա, Ֆրանսիա և ոչ միայն։ Հայկական ծաղիկների մուտքը Նիդեռլանդներ հատկապես ուշագրավ է, քանի որ այդ երկիրը համարվում է ծաղկի համաշխարհային խոշոր կենտրոններից մեկը։

Բայց այս ուղին այնքան էլ հեշտ չէ։ Այս թվերի հետևում արտահանման նոր ելք փնտրող գյուղացիներ, բարդ լոգիստիկա և եվրոպական խիստ չափանիշներ, երբեմն՝ հուսահատություն և դժգոհություն։ Սուրենավանի բնակիչ պարոն Վանյան Եվրոպա արտահանումն այնքան էլ իրատեսական չի համարում։

Կառավարությունում ասում են՝ տեղյակ են խնդիրներին, պատրաստ շարունակել աջակցությունը և բանակցությունները՝ նոր շուկաներ մուտք գործելու համար։

Leave a Comment