Հայաստանի երկաթուղային համակարգի ապագայի շուրջ Երևան-Մոսկվա հեռակա վեճը նոր փուլ է մտել․ ռուսական կողմը հայկական կողմին պատասխանում է ֆինանսական պահանջների մասին նախազգուշացումներով։ Այս մասին գրում է FIP-ը։
Այսպես, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության (ՌԺԴ) գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովը հուլիսի 30-ին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում (1, 2, 3) հայտարարել է, որ եթե հայկական կողմը որոշի դադարեցնել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կոնցեսիոն պայմանագիրը կամ փոփոխել դրա պայմանները, ՌԺԴ-ն իրավունք ունի ակնկալելու կատարված ներդրումների վերադարձը։
«Կողմերի բոլոր իրավունքներն ու պարտականությունները սահմանված են կոնցեսիոն պայմանագրում, որի կողմ է նաև Հայաստանի կառավարությունը։ Մենք մեր հերթին մտադիր ենք խստորեն հետևել պայմանագրին, իսկ եթե հայկական կողմը դիտարկում է դրա դադարեցման կամ պայմանների փոփոխության հնարավորությունը, մենք իրավունք ունենք ակնկալելու կատարված ներդրումների վերադարձը»,- ասել էր նա։
Միաժամանակ նա ներկայացրել է կատարված ներդրումների չափը․ «2008-2025 թվականներին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի միջոցներից և ՀԿԵ-ի սեփական եկամուտներից կատարված ներդրումները կազմել են 146 մլրդ դրամ՝ ավելի ստույգ՝ 145.77 մլրդ դրամ կամ շուրջ 396.3 մլն դոլար։ Այդ ամբողջ գումարը հաստատված է փաստաթղթերով»։
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովն էլ իր հերթին արդեն հուլիսի 31-ին տված հարցազրույցում պնդել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղին» ռուսական ընկերությանն անհատույց փոխանցված ակտիվ չէ․ դրանում ներդրվել է ավելի քան 30 մլրդ ռուբլի, և եթե Հայաստանը միակողմանիորեն վերանայի իր պարտավորությունները՝ վնաս պատճառելով ներդրողին, ռուսական կողմը փոխհատուցում պահանջելու հիմքեր կունենա։
Ռուս պաշտոնյաների հայտարարությունները հետևել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկումներին, որ ՀԿԵ-ի հետ խնդիրները չկարգավորվելու դեպքում Հայաստանը կարող է դիմել արբիտրաժի։ Նա նաև առաջարկել էր քննարկել կոնցեսիան երրորդ կողմին փոխանցելու հնարավորությունը։
Սակայն 2008 թվականին կնքված կոնցեսիոն պայմանագիրն արդյո՞ք իսկապես նախատեսում է ռուսական կողմի կատարած բոլոր ներդրումների անվերապահ վերադարձ։ Ի՞նչ փոխհատուցման մեխանիզմներ են գործում պայմանագրի դադարեցման տարբեր սցենարներում, և պայմանների փոփոխությունն ինքնին կարո՞ղ է Հայաստանի համար ֆինանսական պարտավորություն առաջացնել։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է կոնցեսիոն պայմանագիրը և ռուս պաշտոնյաների հայտարարությունները համադրել դրա դրույթների հետ։
Հիշեցնենք՝ 2008 թվականի փետրվարին ՌԺԴ-ի և Հայաստանի կառավարության միջև կնքվել է կոնցեսիոն պայմանագիր, որով երկրի երկաթուղային տրանսպորտի համակարգը կառավարման է հանձնվել ռուսական ՀԿԵ-ին։ Փաստաթղթի համաձայն՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է՝ աշխատանքի առաջին 20 տարիներից հետո կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Պայմանագիրն իսկապես նախատեսում է փոխհատուցում պահանջելու հնարավորություն, սակայն դրա չափն ու իրավական հիմքը կախված են պայմանագրի դադարեցման պատճառներից, կողմերի հնարավոր խախտումներից, ՀԿԵ-ի ստացած շահույթից և կատարված ներդրումների՝ աուդիտով հաստատված ծավալից։ Իսկ պայմանագրի պայմանների փոփոխությունն ինքնին ներդրումների վերադարձի ավտոմատ պարտավորություն չի առաջացնում։
Ի՞նչ է նախատեսում պայմանագիրը Հայաստանի կողմից դադարեցնելու դեպքում
Կոնցեսիոն պայմանագրի 17-րդ հոդվածում փոխհատուցման մեխանիզմը կախված է՝
- պայմանագիրը ո՞ր կողմն է դադարեցնում,
- ի՞նչ հիմքով է դադարեցվում,
- արդյո՞ք ՀԿԵ-ն պատշաճ կատարել է իր պարտավորությունները,
- որքա՞ն շահույթ է արդեն ստացել ընկերությունը,
- ի՞նչ արժեք ունի շարժակազմը դադարեցման պահին։
Օրինակ՝ եթե Հայաստանի կառավարությունը պայմանագիրը դադարեցնի կոնցեսիոների, այսինքն՝ ՀԿԵ-ի կողմից կատարված որևէ խախտման հիմքով, Հայաստանը պարտավոր է վճարել ենթակառուցվածքներում կատարված ներդրումների և մինչև դադարեցման պահը ստացված շահույթի տարբերության միայն 50 տոկոսը։ Այդ գումարը պետք է հաստատվի անկախ աուդիտորի կողմից։
Շարժակազմի դեպքում փոխհատուցվում է ոչ թե դրա սկզբնական գնման արժեքը, այլ դադարեցման պահին ունեցած մնացորդային արժեքը՝ անկախ գնահատողի հաշվարկով։ Միաժամանակ ՀԿԵ-ն պարտավոր է Հայաստանին փոխհատուցել պայմանագրով նախատեսված գումարները, այդ թվում՝ նոր մրցույթի կազմակերպման փաստացի ծախսերը՝ առավելագույնը 2 մլն դոլարի սահմաններում։
Հետևաբար նույնիսկ այս դեպքում խոսքը կատարված բոլոր ներդրումների վերադարձի մասին չէ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
FIP․ ՌԺԴ-ն չի կարող անվերապահորեն պահանջել կատարված բոլոր ներդրումների վերադարձը