2026 թվականի հունիսի 4-ին Հակակոռուպցիոն դատարանում քննության է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նախկին քննիչի քրեական գործը։ Գործը մակագրվել է դատավոր Խաչիկ Ղազարյանին։ Iravaban.net–ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։
Դեպքի հանգամանքները
Վ․ Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ դրդումներով պայմանավորված կազմել և շրջանառության մեջ է դրել կեղծ փաստաթուղթ:
Այսպես.
Վ․ Ա․-ն ՀՀ քննչական կոմիտեի նախագահի` 2020 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 746-Ա հրամանի համաձայն նշանակված լինելով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչի, իսկ 2021 թվականի մայիսի 27-ի թիվ 417-Ա հրամանի համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչի պաշտոնին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ և 41-րդ հոդվածներով սահմանված կարգով ունեցել է նախաքննության համակողմանիությունն ապահովելու, քննչական գործողություններն օրենքով սահմանված կարգով ու ժամանակին կատարելու, քննությանն ինքնուրույնություն տալու, անհրաժեշտ որոշումներ ընդունելու և քննչական ու վարութային այլ գործողություններ կատարելու պարտականություն:
Վ․ Ա․-ն նախաքննության կատարումն իրեն հանձնարարված թիվ 20153422 քրեական վարույթի նախաքննության ընթացքում՝ 2022 թվականի մարտի 16-ին, տրանսպորտային միջոցի զննություն քննչական գործողությունը կատարված լինելու և դրանով նախաքննության համակողմանիությունը, ինչպես նաև քննչական գործողությունները պատշաճ ու ժամանակին կատարելու վերաբերյալ օրենսդրական պահանջն ապահովված լինելու պատրանք ստեղծելու նպատակով, վարորդ Ա․ Մ․-ի, ինչպես նաև ընթերականեր Մ․ Մ․-ի և Ա․ Կ․-ի բացակայության պայմաններում՝ կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող տրանսպորտային միջոցի զննություն կատարելու մասին կեղծ արձանագրություն, որում հիշյալ անձանց փոխարեն համապատասխան գրառումներ կատարելով և ստորագրությունները կեղծելով՝ արձանագրությունը կցել է քրեական վարույթի նյութերին՝ այն դնելով պաշտոնեական շրջանառության մեջ:
Վ․ Ա․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 445-րդ հոդվածի 1-ին մասով։
Հունիսի 5-ին դատարանը որոշել է գործը ընդունել վարույթ և նախնական դատալսումներ նշանակել հունիսի 17-ին՝ ժամը 10:30-ին։
Վ․ Ա․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։