Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով նախատեսվում է սահմանել 2026-2027 թվականների որսաշրջանի կանոնները՝ որոշելով որսի ենթակա կենդանիների ցանկը, դրանց թույլատրելի քանակներն ու որսի ժամկետները։
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջներից, համաձայն որի լիազոր մարմնի իրավասությունն է որսի կենդանիների ցանկի հաստատումը, դրանց որսի համար նախատեսվող տարեկան օգտագործման թույլատրելի չափաքանակների և որսի ժամկետների սահմանումը։
Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել 2026 թվականին Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Կենտրոն) կողմից իրականացված գիտական ուսումնասիրությունների և հաշվառման արդյունքները:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծի ընդունման նպատակը կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացի կանոնակարգումը և կենդանական պաշարների կայուն կառավարումն է։
Նախագծով սահմանվող 2026 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 30-ը ներառյալ որսի իրականացման ամբողջական արգելքը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացման ժամանակահատվածում կենսաբազմազանության պահպանությանն ուղղված լրացուցիչ միջոցառումների ապահովման անհրաժեշտությամբ։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակներով օգտագործման և օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը, ինչպես նաև կնպաստի այդ գործընթացում վարչարարության նվազեցմանը։
Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«2026-2027 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում նախատեսվում է եկամուտների ավելացում՝ բնօգտագործման վճարի և պետական տուրքի տեսքով: