Կփոխվեն բուհերի և կրթական ծրագրերի լիցենզավորման ու հավատարմագրման կարգերը

Հուլիսի 30-ին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում կայացավ բարձրագույն ուսումնական հաստատությունների և կրթական ծրագրերի լիցենզավորման, ինչպես նաև ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման նոր կարգերը սահմանող որոշումների նախագծերի վերաբերյալ հանրային լսում։

Հանրային լսմանը մասնակցում էին ՀՀ պետական և ոչ պետական բուհերի, ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ներկայացնելով հանրային քննարկման դրված երկու նախագծերի հիմնական դրույթները՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն ընդգծեց, որ լիցենզավորման և հավատարմագրման գործընթացները «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով պետությանը վերապահված երկու հիմնական գործիքներն են՝ բարձրագույն կրթության ոլորտի որակի ապահովման նպատակով․ «Լիցենզավորման գործընթացը կապահովի մուտքային պայմաններ՝ հավաստիանալու համար, որ տվյալ բուհը պատշաճ որակի կրթական ծառայություններ մատուցելու կարողություն, ֆիզիկական և իրավական նախադրյալներ ունի, իսկ հավատարմագրման գործընթացը միտված է արդյունքների հիման վրա որակական և բովանդակային գնահատականի ապահովմանը»։

Անդրադառնալով նախագծերի մշակման հիմքում ընկած մոտեցումներին՝ Հայոցյանը նշեց, որ նախկինում իրար հետ իրավական և գործնական մակարդակում չփոխկապակցված լիցենզավորման և հավատարմագրման գործընթացները նոր կարգավորումներով կմոտարկվեն և կկիրառվեն՝ որպես միմյանց հաջորդող և փոխլրացնող գործիքներ։

Այս մոտեցման մասին է վկայում նաև նախկինում առանձին կրթական ծրագրերի լիցենզավորմանը զուգահեռ նոր կարգում բուհերի լիցենզավորման գործընթացի ներմուծումը։ Դրույթը ներդրվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով՝ որպես բուհական գործունեություն իրականացնելու մուտքային նախապայման, որի շրջանակում բուհի գործունեությունը կգնահատվի նաև Բարձրագույն կրթության եվրոպական տարածքի որակի ապահովման չափորոշիչներով և ուղենիշներով (ESG)։ Արդյունքում, լիզենզավորման այս տեսակն, ըստ էության, կհանդիսանա նաև նախահավատարմագրում։

Առանձին անդրադարձ կատարվեց նաև կրթության երրորդ մակարդակում լիցենզավորման վերաբերյալ նոր դրույթներին, անցումային փուլում բուհերի և գիտական կազմակերպությունների միջև կրթության երրորդ մակարդակում համատեղ կրթական ծրագրերի իրականացման ձևաչափին։

Նոր կարգերի հիմնական դրույթների ներկայացմանը հաջորդեց հարցուպատասխան։ Մասնավորապես, անդրադարձ կատարվեց գործող կարգավիճակների իրավական շարունակականությանը, ուսանողների շահերի պաշտպանության մեխանիզմներին, բուհերի կազմակերպաիրավական ձևի փոփոխությանը վերաբերող դրույթին, լիցենզավորման կարգով նախատեսվող ֆիզիկական և ենթակառուցվածքային պահանջներին, օտարերկրյա բուհերի և նրանց մասնաճյուղերի՝ ՀՀ-ում գործելու համար անհրաժեշտ ընթացակարգին և այլ հարցերին։

Հիշեցնենք, որ նախագծերի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2026 թվականի օգոստոսի 5-ը ներառյալ՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (լիցենզավորման կարգը՝ https://www.e-draft.am/projects/10434 և հավատարմագրման կարգը՝ https://www.e-draft.am/projects/10433) կամ ուղարկել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե՝ Օրբելի եղբայրների փողոց 22 հասցեով կամ [email protected] էլեկտրոնային փոստին։

Leave a Comment