Մինչ պաշտոնական Երևանը խոսում է երկաթուղու հարցում բարեկամական լուծումներ գտնելու մասին, Մոսկվան ակնարկում է՝ կոնցեսիոն պայմանագիրը դադարեցնելու կամ պայմանները փոխելու դեպքում Հայաստանը պետք է դիտարկի ներդրումները վերադարձնելու հնարավորությունը։
Թեման հայ-ռուսական քննարկումների օրակարգում է նախորդ տարեվերջից։ Իրավիճակը հանգուցալուծելու համար հայկական կողմն առաջարկել էր երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը փոխանցել բարեկամ որևէ երրորդ երկրի, առաջարկը, սակայն, ռուսական կողմը մերժել էր։ Երևանը համոզված է, որ հայկական երկաթուղու ռուսական կառավարման պատճառով ապաշրջափակման ընդհանուր համատեքստում Հայաստանը կորցնում է մրցակցային առավելությունը:
Եթե հայկական կողմը մտադրություն ունի փոխելու կամ դադարեցնելու երկաթուղու կառավարման պայմանները, ապա պետք է մտածի նաև ներդրումները վերադարձնելու մասին՝ հայտարարել է «Ռուսական երկաթուղիներ»-ի գործադիր տնօրեն Օլեգ Բելոզերովը՝ արձագանքելով Երևանից հնչած այն հայտարարությանը, թե հայկական երկաթուղու կառավարումը ռուսական կողմից հետ վերցնելուն այլընտրանք չկա:
«Կողմերի բոլոր իրավունքներն ու պարտականությունները նշված են կոնցեսիոն պայմանագրում, որի կողմ է նաև Հայաստանի կառավարությունը։ Մենք մտադիր ենք խստորեն պահպանել դրանք, և եթե հայկական կողմը մտադիր է այն դադարեցնելու կամ պայմանները փոխելու, ապա մենք իրավունք ունենք ակնկալելու մեր ներդրումների վերադարձը»։
Նախօրեին ՀՀ վարչապետն էր խոսել ռուսական կառավարմանը հանձնված հայկական երկաթուղու մասին։ Նիկոլ Փաշինյանը նշել էր կառավարության դիրքորոշումն այս հարցում չի փոխվել․ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է և պետք է տնօրինվի այնպես, ինչպես մեր երկիրն է նպատակահարմար համարում։
«Երկաթուղու հետ կապված մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը։ Դա մեր սեփականությունն է և ՀՀ-ն պետք է հնարավորություն ունենա այդ երկաթուղին օգտագործել այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում։ Ես ուզում եմ շատ հստակ լինել այս հարցով՝ այլընտրանք չկա սրան։ Երկաթուղու մասին ակնարկի բան չկա, ես պարզ ասում եմ, որ ՀՀ սեփականությունն է դա և ուրիշ տարբերակ չկա սրան։ Մենք ուզում ենք բարեկամական ձևով այդ խնդիրը լուծել, բայց կարող է դե յուրե հարց ծագի, որ մենք որոշումներ կայացնենք։ Եթե անհամաձայնություններ կան, կգնանք արբիտրաժում կքննարկենք»։
Ցանկացած օրինական գործիք հայկական կողմը կարող է կիրառել, սակայն նախընտրում է բարեկամական մոտեցումը՝ հստակեցրել էր Փաշինյանը՝ վսըտահեցնելով, որ Երևանը Մոսկվայի հետ շարունակելու է քննարկումը։
Ի դեպ, Հայաստանի կառավարությունը մրցույթ է հայտարարել երկաթգծի Գյումրի-Ախուրիկ հատվածի կառուցման համար, որը ռուսական կոնցեսիոն կառավարման ներքո է։ Այս առումով ևս վարչապետը խնդիրներ չի տեսնում։
«Մենք արբիտրաժ դիմելու կարիք չունենք, ինչու՞ պետք է դիմենք։ Օրինակ մենք ՀԷՑ-ի հարցում դիմեցի՞նք արբիտրաժ։ Իսկ ինչու՞ չդիմեցինք, որովհետև մենք գործիքը ունենք որոշում կայացնելու։ Իսկ եթե որևէ մեկը համաձայն չէ, ինքը պետք է դիմի արբիտրաժ։ Ինչ վերաբերվում է երկաթուղու վերականգնմանը, մեր երկաթուղին է վերականգնում ենք, ի՞նչ խնդիր կա։ Իսկ կառավարության կայացրած որոշման իրավական հիմքերը նախագծի տակ դրված են»։
Դեռևս հունվարին էր վարչապետը դիմել ռուսական կողմին՝ հրատապության կարգով որոշում կայացնելու Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների կարևոր հատվածների վերականգնման հարցում։
Խոսքը ոչ միայն Ախուրիկի, այլև Հայաստան-Նախիջևան սահմանից մինչև Երասխ հատվածի մասին է։
Փաշինյանը հայտարարել էր նաև, որ Հայաստանը պատրաստ է սեփական միջոցներով վերականգնել երկաթուղային ենթակառուցվածքների կարևոր հատվածները, եթե ռուսական կողմը պատշաճ ժամկետներում չարձագանքի։
Ի սկզբանե Երևանը լավագույն լուծում էր համարել այն, որ երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը փոխանցվի բարեկամ որևէ երրորդ երկրի, ինչը ռուսական կողմը մերժել էր։
Հարցի շուրջ հայ-ռուսական քննարկումը կարող է շարունակվել մի քանի օրից՝ օգոստոսի 7-ից 8-ը Ղրղզստանում նախատեսված ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ, որին մասնակցելու է նաև Հայաստանի վարչապետը։
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության հետ պայմանագիրը կնքվել է 2008-ին, կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ժամկետը կարող է երկարաձգվել ևս 10 տարով։
Երկաթուղու կոնցեսիոն կառավարումը դադարեցնելու դեպքում ՀՀ Կառավարության պարտավորությունները կարող են կազմել շուրջ 270 մլն դոլար։ Այդ մասին նշված է Հայաստանի կառավարության՝ 2025-ի հունիսին ընդունված պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում։