Երևանի քաղաքապետարանը «Մուլիտի Ուելնեսի» փոխարեն ստեղծել է «Երևան Ուելնես» ու փորձելու է շահագործել իրեն ի պահ տված գույքը

Երևանի քաղաքապետարանն իրեն ի պահ տված գույքը որոշել է շահագործել։ Մամուլում այսօր տեղեկություն էր հայտնվել առ այն, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ձերբակալելուն զուգահեռ փակված «Մուլտի Ուելնես» մարզաառողջարարական կենտրոնը վաղը բացվելու է։

Համալիրի գլխավոր տնօրեն Արման Փիրոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում բացարձակ անօրինականություն գնահատեց այն, ինչը քաղաքային իշխանությունները մտադիր են իրականացնել վաղը։ «Այնտեղ ոչ համակարգիչներն են տեղադրած, ոչ սարքավորումները, ոչ դրամարկղային մեքենաները։ Ինչպե՞ս են պատրաստվում մեր գույքով, մեր համակարգիչներով կենտրոնը բացել։ Դա իմ գույքն է», – ընդգծել է տնօրենը ու նշել, որ մինչև հիմա որոշում չի ստացել իր գույքի վերաբերյալ, թե քննիչը ում է հանձնել ու ինչի։

Նշենք, որ քաղաքապետարանը «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ գույքն ընդամենը ի պահ է հանձնված իրենց։ Ստացվում է, որ քաղաքապետարանը մտադիր է օգտագործել, տնօրինել իրեն ի պահ հանձնված ուրիշի սեփականությունը։ Օրինակ՝ Ավինյանի մեքենան խախտման համար տեղափոխեն տուգանային հրապարակ ու ոստիկանը որոշի, որ այսուհետ կարող է այն տնօրինել ու վարել՝ ըստ իր ցանկության։

«Նման «բեսպրեդել» հնարավոր չի պատկերացնել, ոչ դրամարկղի ապարատներն են փոխված, ոչ համակարգը, բայց իրենք որոշել են աշխատացնել», -նշել է Փիրոյանը։

Նա նշեց, որ ստեղծել են նոր ընկերություն՝ «Երևան Ուելնես» անունով, մի քանի աշխատակիցների շահագրգռել բարձր աշխատավարձով, որ մնան աշխատեն։ Տնօրենն էլ կենտրոնի նախկին մարզիչներից է։ «Սա բացառիկ ապօրինություն է, եթե մեր օրոք ինչ որ անօրինական կառուցապատում կար, հիմա եթե իրենք շահագործեցին՝ էդ անօրինականությունը վերանալո՞ւ է»,- ասաց կենտրոնի ղեկավարը։

Leave a Comment