Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը և որոշել նրանից հօգուտ Նիկոլ Փաշինյանի բռնագանձել 200.000 դրամ

2025 թվականի հունիսի 13-ին Ռոբերտ Քոչարյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։

Դատարան ներկայացրած հայցադիմումով Հայցվորի ներկայացուցիչը հայտնել է հետևյալը.

2025 թվականի հունիսի 5-ին կայացել է ՀՀ կառավարության հերթական նիստը: Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շեղվելով նիստի օրակարգում ընդգրկված թեմաներից, անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի անձին՝ վերջինիս հասցեին հրապարակային կերպով թույլ տալով զրպարտություն պարունակող հայտարարություններ։ Պատասխանողը բառացիորեն ասել է․ «Մենք կոռեկտություններ պահելով սխալվում ենք․ օրինակ՝ մենք չենք արձանագրել պաշտոնապես, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր ա, և դա արձանագրված ա դատարանի որոշմամբ, որովհետև մարդը գնացել ա իրա դեմ կաշառքի գործը ասել ա վաղեմության ժամկետ կիրառեք․ դա տեղի ա ունենում էն ժամանակ, երբ որ ինքը խոստովանում ա, որ ինքը կաշառակեր ա։ Հիմա Հայաստանի Հանրապետության դատական համակարգում պաշտոնապես արձանագրվել ա, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը կա-շա-ռա-կեր է․ թող գնան դատի տան, հիմա սրանից հետո, ես երբ ելույթ ունենամ «Ռոբերտ Քոչարյան» անունը հնչի՝ ասելու եմ «կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը և այլն և էդպես շարունակ…»։

Նույն օրը Պատասխանողն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել է Կառավարության նիստից տեսանկարահանված այդ հատվածը հետևյալ խորագրով՝ «Դատարանի որոշմամբ արձանագրված է՝ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է»։

Այսպիսով, նկատի ունենալով, որ Պատասխանողի կողմից հնչեցված արտահայտություններն ակնհայտորեն պարունակում են զրպարտչական բնույթ և խախտում են Հայցվորի սահմանադրորեն երաշխավորված պատվի և արժանապատվության իրավունքը՝ դիմել է Դատարան՝ խախտված իրավունքները դատական ճանապարհով վերականգնելու նպատակով։

Հայցով Ռոբերտ Քոչարյանը պահանջել է պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր պաշտոնական Nikol Pashinyan/Նիկոլ Փաշինյան էջում 05․06․2025թ․ հրապարակած «Դատարանի որոշմամբ արձանագրված է՝ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է» տեղեկատվությունը հերքել։ Որպես հերքման տեքստ սահմանել հետևյալը․«Նախկինում իմ կողմից Կառավարության նիստի ընթացքում հնչել են կեղծ, սուտ, ակնհայտ անհիմն արտահայտություններ, որոնք զրպարտել են ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ներկայումս ցանկանում եմ հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի՝ վերաբերյալ հայտնածս տեղեկատվությունը իրականության հետ որևէ առնչություն չունի և հանդիսացել է զրպարտության արդյունք։»2. Նիկոլ Փաշինյանից հօգուտ Ռոբերտ Քոչարյանի բռնագանձել 6.000.000 ՀՀ դրամ որպես հասցված ոչ նյութական վնասի հատուցում:

Ըստ Հայցվորի ներկայացուցչի՝ զրպարտություն որակվելուն ենթակա են Պատասխանողի հնչեցրած հետևյալ արտահայտությունները․

  • Մենք կոռեկտություններ պահելով սխալվում ենք․ օրինակ՝ մենք չենք արձանագրել պաշտոնապես, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր ա,
  • և դա արձանագրված ա դատարանի որոշմամբ,
  • դա տեղի ա ունենում էն ժամանակ, երբ որ ինքը խոստովանում ա, որ ինքը կաշառակեր ա,
  • Հիմա Հայաստանի Հանրապետության դատական համակարգում պաշտոնապես արձանագրվել ա, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը կա-շա-ռա-կեր է,
  • հիմա սրանից հետո, ես երբ ելույթ ունենամ «Ռոբերտ Քոչարյան» անունը հնչի՝ ասելու եմ «կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը և այլն և էդպես շարունակ․․․:

Գործի դատավարական ընթացքը

Գործը նույն օրը մակագրվել էր Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Անի Կարաքեհյանին։ Վերջինս նույն թվականի հունիսի 24-ին գործը վարույթ ընդունելու մասին որոշում էր կայացրել։  Հայցվորի ներյակացուցիչը կողմնակալ վերաբերմունք ունենալու հիմնավորմամբ սեպտեմբերի 26-ին բացարկի միջնորդություն էր ներկայացրել դատարանին, որը մերժվել էր։

Գործի քննության ընթացքում մերժվել են նաև հայցվոր կողմի ներկայացրած միջնորդությունը գործով որպես մասնագետ Արամ
Օրբելյանին հրավիրելու մասին, իսկ ապացուցման պարտականությունը բաշխելու վերաբերյալ որոշումը փոփոխելու մասին միջնորդությունը բավարարվել էր մասնակի։ Հետագայում կրկին ներկայացված ապացուցման պարտականությունը բաշխելու վերաբերյալ որոշումը փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել էր;

Հայցվորի ներկայացուցիչը երկրորդ անգամ սույն թվականի մարտի 13-ին դատարանին բացարկի միջնորդություն է ներկայացրել, որը ևս մերժվել է

Պատասխանողի փաստարկները և իրավական դիրքորոշումը.

Պատասխանողի ներկայացուցիչը 29.07.2025 թվականին Դատարան է ներկայացրել հայցադիմումի պատասխան, որով հայտնել է որ 2023 թվականի դեկտեմբերի 27-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ (այսուհետ նաև՝ Որոշում) Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

Ըստ Որոշման «Մեղադրանքի Բովանդակությունը» բաժնի՝ «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության կողմից նշված լիցենզիաները ձեռք բերելուց հետո 2008 թվականի փետրվարի 3-ին կնքված նախնական, իսկ 2008 թվականի մարտի 25-ին կնքված հիմնական առուվաճառքի պայմանագրերով, Սիլվա Համբարձումյանն իրեն պատկանող այդ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը 12 մլդ 360 մլն ՀՀ դրամին համարժեք 40 մլն ԱՄՆ դոլարով վաճառել է Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «ՌԱԿ ՄԻՆԵՐԱԼԶ ԸՆԴ ՄԵԹԱԼԶ ԷՖ ԶԵԹ» ՍՊ ընկերությանը:

Հիշյալ գործարքը կնքելու համաձայնություն ստանալու համար Սիլվա Համբարձումյանը 2008 թվականի հունվարի վերջին օրերին Վարդան Օսկանյանի միջոցով նախապես դիմել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին: Նրանց համաձայնությունը ստանալու հետ միաժամանակ, Սիլվա Համբարձումյանը մտադրվել է վերջիններիս կաշառք տալ, որպեսզի նրանք իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով չխոչընդոտեն իր բաժնեմասերի օտարման գործարքի կնքմանը և լիազոր մարմնի միջոցով ընկերությանը չզրկեն հատուկ լիցենզիաներից: Կաշառք տալու առաջարկը, Սիլվա Համբարձումյանը Վարդան Օսկանյանի միջոցով հայտնել է հիշյալ պաշտոնատար անձանց: Մի քանի օր անց Սիլվա Համբարձումյանը, Վարդան Օսկանյանից տեղեկացել է, որ ընկերության բաժնեմասերի առուվաճառքի գործարքը կնքելու համար հիշյալ պաշտոնատար անձինք ընդունել են նրա՝ կաշառք տալու մասին առաջարկը: ․․․ 2008թ. փետրվարից մայիսն ընկած ժամանակահատվածում Սիլվա Համբարձումյանից մաս-մաս ստացել են կաշառքի իրենց մասնաբաժինները: Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանը կաշառքի իր մասնաբաժինը՝ առանձնապես խոշոր չափերի՝ 927.000.000 ՀՀ դրամին համարժեք 3.000.000 ԱՄՆ դոլար գումարը ստացել է 2008 թվականի փետրվարին և մայիսին՝ Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ․․․Այսինքն, Ռոբերտ Քոչարյանը ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարք»։

Ըստ Պատասխանողի ներկայացուցչի՝ վեճի առարկա արտահայտությունը ոչ թե փաստացի տվյալ է, այլ գնահատող դատողություն: Ըստ պատասխանողի ներկայացուցչի՝ Պատասխանողը ոչ թե փաստացի տվյալ է արտահայտում, այլ իր կարծիքն է արտահայտում՝ հիմնվելով և հղում կատարելով փաստական հիմքին, այն է՝ վաղեմության ժամկետի կիրառման միջնորդություն ներկայացնելը։
Այլ կերպ, վերլուծելով փաստը առ այն, որ Ռոբերտ Քոչարյանը միջնորդել է իր նկատմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու հոդվածով հարուցված քրեական հետապնդումը դադարեցվի ոչ արդարացնող, վաղեմության ժամկետի հիմքով, Պատասխանողը եզրահանգել է և իր կարծիքն է հայտնել առ այն, որ Ռոբերտ Քոչարյանը դատարանի վճռով ընդունել է իր՝ կաշառակեր լինելու փաստը, ուստի կաշառակեր է։

Դատարանը, լսելով Պատասխանողի ներկայացուցչի բացատրությունները, վերլուծելով և գնահատելով գործի տվյալներն ու դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա՝ հիմնված ներքին համոզմամբ, գտնում է, որ հայցն ենթակա է մերժման։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2026 թվականի հուլիսի 23-ին կայացրել է վճիռ, որով ամբողջությամբ մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցըև որոշել Ռոբերտ Սեդրակի Քոչարյանից հօգուտ Նիկոլ Վովայի Փաշինյանի բռնագանձել
200.000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Leave a Comment