Միգրանտները փորձել են Իսպանիա թափանցել. զոհվել է 9 մարդ

Միգրանտները փորձել են Իսպանիա թափանցել. զոհվել է 9 մարդ

Իսպանիան որոշել է զորքեր տեղակայել Մարոկկոյի հետ սահմանին գտնվող Սեուտա քաղաքում՝ կարգուկանոնը վերականգնելու նպատակով։ Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հազարավոր միգրանտներ ներթափանցել են Իսպանիային պատկանող այդ փոքր տարածք։ Սահմանը հատելու փորձերի ընթացքում զոհվել է առնվազն 9 մարդ։

Այս հայտարարությանը նախորդել էր Սեուտայի տեղական իշխանությունների դիմումը Մադրիդի կենտրոնական կառավարությանը՝ սահմանային ճգնաժամը հաղթահարելու համար լրացուցիչ ուժեր տրամադրելու խնդրանքով։ Ճգնաժամը սրվել էր հինգշաբթի, երբ մեծաթիվ միգրանտներ ճեղքել էին սահմանային ցանկապատը և ներխուժել քաղաք։

Իսպանիայի կառավարությունը հայտարարել է, որ Զինված ուժերը կուղարկվեն՝ Քաղաքացիական գվարդիային աջակցելու և Սեուտայում անվտանգությունն ու հասարակական կարգը պահպանելու նպատակով։ Միաժամանակ հայտարարվել է, որ վարչապետ Պեդրո Սանչեսը և ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկան ուրբաթ կայցելեն Սեուտա։

«Իրավիճակը լիակատար քաոս է»,- «Associated Press» գործակալությանը հայտնել է Սեուտայում սահմանը հսկող Իսպանիայի Քաղաքացիական գվարդիայի աշխատակիցների շահերը ներկայացնող ասոցիացիայի ղեկավար Ռաշիդ Սբիհին։

«Հստակ թիվ նշել հնարավոր չէ, սակայն սահմանը հատում են հազարավոր միգրանտներ»,- ասել է նա՝ հավելելով, որ սահմանային վերահսկողությունը «գործնականում լիովին տապալվել է»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment