Զելենսկի․ Ռուսաստանը Դնեպրոպետրովսկի մարզին հարվածել է հյուսիսկորեական հրթիռով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ, նախնական տվյալներով, Ռուսաստանը Դնեպրոպետրովսկի մարզի Ռադուշնոյե գյուղին հարվածել է Հյուսիսային Կորեայում արտադրված բալիստիկ հրթիռով։

Հարվածի հետևանքով զոհվել է վեց հոգուց բաղկացած բազմազավակ ընտանիք, այդ թվում՝ երեք երեխա։ Հրթիռը խոցել է ընտանիքի բնակելի տունը։

«Դեռ փորձաքննություններ կլինեն, ամեն ինչ կստուգվի, բայց այս պահին տվյալները վկայում են, որ դա հյուսիսկորեական բալիստիկ հրթիռ էր», – գրել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը դաշնակիցներին կոչ է արել չսահմանափակվել հարձակումը դատապարտելով և Կիևին տրամադրել հակաօդային պաշտպանության համար անհրաժեշտ հրթիռներ։ Նա նաև պահանջել է ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ՝ հարձակումները դադարեցնելու համար։

Ռուսաստանը հուլիսի 30-ի գիշերը հրթիռներով հարվածել էր Ուկրաինայի մի շարք քաղաքների, այդ թվում՝ Կիևին։ Ռադուշնոյե գյուղը գտնվում է Կրիվոյ Ռոգի մերձակայքում։

Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր նաև, որ Ռուսաստանը ցանկանում է Հյուսիսային Կորեայից ստանալ ևս 30 հազար զինծառայող, իսկ Փհենյանը պատրաստվում է Մոսկվային նոր բալիստիկ հրթիռների արձակման կայանքներ տրամադրել։

Մոսկվան և Փհենյանը 2024 թվականին ստորագրել են «համապարփակ ռազմավարական գործընկերության» մասին պայմանագիր։

Leave a Comment