Ռուսաստանը իրավունք կունենա պահանջել փոխհատուցում Հայաստանից, եթե Երևանը միակողմանիորեն վերանայի «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) շրջանակներում իր պարտավորությունները, հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները:
Ռեշետնիկովը նշել է, որ ՀԿԵ-ն «ռուսական ընկերության ազատ ակտիվ չէ», այլ ընկերություն, որում Ռուսաստանն արդեն իսկ ներդրել է ավելի քան 30 մլրդ ռուբլի, ձեռք է բերել նոր շարժակազմ և զարգացնում է ենթակառուցվածքներ՝ հիմնվելով պայմանագրային պարտավորությունների վրա:
«Եթե այդ պարտավորությունները միակողմանիորեն վերանայվեն, և մեր ներդրողը վնաս կրի, մենք հիմքեր կունենանք փոխհատուցում պահանջելու: Այն միտքը, որ Ռուսաստանը պետք է լրացուցիչ վճարի Հայաստանին նման իրավիճակում, անհիմն է», – նախարարի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»:
Ռեշետնիկովը նաև նշել է այն «նշանակալի առավելությունները», որոնք Հայաստանի տնտեսությունը ստանում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) մասնակցության և Ռուսաստանի հետ առևտրի միջոցով: Նա շեշտել է որ ԵԱՏՄ-ին միանալուց ի վեր միության երկրներ հայկական արտահանումն աճել է ավելի քան 13 անգամ՝ 240 մլն դոլարից հասնելով 3,2 մլրդ դոլարի, ընդ որում՝ հայկական ավանդական արտահանման՝ սննդամթերքի, գյուղատնտեսական արտադրանքի և ալկոհոլի ավելի քան 80%-ն ուղղվում է ԵԱՏՄ երկրներ։
Միևնույն ժամանակ, նշելով, որ Ռուսաստանի և աշխարհի ընդհանուր առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը չի գերազանցում 0,9%-ը, իսկ ԵԱՏՄ մյուս երկրների համար այս ցուցանիշն ավելի ցածր է (Բելառուսի համար՝ 0,3%, Ղազախստանի համար՝ 0,05% և Ղրղզստանի համար՝ 0,02%), Ռեշետնիկովը նշել է, որ «մեզ համար դժվար չի լինի փոխարինել հայկական մատակարարումները»։ Ռեշետնիկովի խոսքով՝ միության փոխադարձ առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը չի գերազանցում 3,4%-ը (3,2 մլրդ դոլար)։
«Հետևաբար, տնտեսական տեսանկյունից այն միտքը, որ ԵԱՏՄ-ն գոյություն չի ունենա առանց Հայաստանի, մեղմ ասած, չափազանցություն է», – ասել է նա՝ ընդգծելով, որ «եթե Հայաստանը շարունակի Եվրամիությանը միանալու իր ուղին, ապա այն կգոյատևի և կզարգանա առանց դրա»։
Ռուս նախարարը նաև նշել է, որ ԵԱՏՄ-ի ընդհանուր գազի շուկայի շրջանակներում Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում հազար խորանարդ մետրի համար 177,5 դոլարով։ Նա ընդգծել է, որ «քիչ հավանական է, որ միությունից դուրս որևէ մեկը կարողանա Հայաստանին առաջարկել նման պայմաններ»։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կարող է «Ռուսական երկաթուղիներ»-ից պահանջել տարեկան 2 մլրդ դոլար վճար «Հարավկովկասյան երկաթուղու» օգտագործման համար, եթե ընկերությունը չհրաժարվի կոնցեսիայից: Վարչապետի խոսքով՝ Երևանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, և հանրապետությունը պետք է ինքնուրույն որոշի դրա օգտագործման ընթացակարգերը:
«Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովը հայտարարել էր, որ ընկերությունը զարմացած և շփոթված էր, երբ լրատվամիջոցներից տեղեկացել է Հայաստանի երկաթուղիների վրա վարձակալության վճարի հնարավոր սահմանման մասին։ Նրա խոսքով՝ եթե Երևանը քննարկում է կոնցեսիոն պայմանագրի դադարեցման կամ փոփոխման հարցը, ռուսական կողմն իրավունք ունի ակնկալել իր ներդրումներից եկամուտ։
