«Միասնության թևեր» կուսակցությունը դատապարտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանի վերաբերյալ՝ դրանք որակելով հրապարակային մեղադրանք և իրավապահ մարմիններին ուղղված քաղաքական հրահանգ։
Փաշինյանը կառավարության նիստից հետո Դրմեյանին վերագրել է մասնավոր շահերի սպասարկում և ենթադրյալ այլ հակաիրավական գործողություններ, ինչպես նաև իրավապահներին հանձնարարել է ստուգել նրա բանկային հաշիվներն ու գույքը։
«Միասնության թևերը» հայտարարել է, որ վարչապետի հայտարարությունները կապվում են Դրմեյանի ընդդիմադիր քաղաքական գործունեության և կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված լինելու հետ՝ պնդելով, որ դա քաղաքական հետապնդման դրսևորում է։
Քաղաքական ուժը նաև արձագանքել է Գլխավոր դատախազության գործողություններին՝ նշելով, որ Փաշինյանի հայտարարությունից անմիջապես հետո դրանց ընթացք տալը, իրենց գնահատմամբ, հիմք է տալիս ենթադրելու, որ խոսքը նախապես համաձայնեցված գործողությունների մասին է։
Կուսակցությունը պահանջել է, որ իրավապահ մարմինները գործեն բացառապես օրենքի շրջանակում, ապահովեն Դրմեյանի իրավունքների պաշտպանությունը և բացառեն նրա նկատմամբ որևէ ապօրինի ճնշում։ Հայտարարության հեղինակները նշել են նաև, որ կօգտագործեն բոլոր ներպետական և միջազգային իրավական ու քաղաքական մեխանիզմները՝ իրենց կուսակցի իրավունքները պաշտպանելու համար։
