«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանի կալանքի երկարաձգման միջնորդությունն ակնհայտ անհիմն է, հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ քննչական խումբը բաղկացած է ռեկորդային՝ 100-ից ավելի քննիչներից։
Նա նաև հայտնել է, որ Ալեքսանյանը «պատվով կրում է այս զրկանքները, ապօրինի քաղաքական հետապնդումները»։ «Ժպիտը դեմքին, տրամադրությունը տեղը, կամքը տեղը, ոգին տեղը, որևէ մտահոգվելու առիթ չի տալիս»,- նշել է Վարդևանյանը։
Ալեքսանյանի գործով որոշումը կհրապարակվի հուլիսի 31-ին, ժամը 9։20-ին։
Վարդևանյանը նաև հայտնել է, որ որպես Ալեքսանյանի պաշտպան իր վերջին դատական նիստն էր։
«Վաղը ներկայացնելու եմ միջնորդություն Փաստաբանների պալատին՝ իմ արտոնագիրը կասեցնելու մասին»,- հավելել է փաստաբանը։
Ալեքսանյանի փաստաբան Լիաննա Գասպարյանը դատական նիստի ընդմիջման ժամանակ հայտարարել է, որ 2 ժամից ավելի հարցեր են ուղղվել քննիչներին, որոնց պատասխանները վերացական էին։
«Որևէ հստակ պատասխան չկա, թե ինչի հիման վրա, ինչ փաստական հիմնավոր տվյալի վրա պետք է Ալիկ Ալեքսանյանին ևս երկու ամիս պահել կալանքի տակ»,- ասել է փաստաբանը։ Անդրադառնալով դատական նիստից ակնկալիքներին, Գասպարյանը շեշտել է, որ Ալեքսանյանը քաղբանտարկյալ է, որի նկատմամբ շատ ավելի խիստ են վերաբերվում։ Այնուամենայնիվ, նա արդարադատության հույս է հայտնել։
Ալեքսանյանին հունիսի 3-ին 2 ամսով կալանավորել էին նախընտրական հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման ենթադրյալ կասկածով։ Նրան վերագրվող վարույթով հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 37 անձի նկատմամբ։
