Iravaban.net ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով Հայաստանի կառավարությունը նախատեսում է փոփոխել արյան բաղադրամասերի պետական պաշարների ստեղծման, պահպանման և նորացման գործող կարգը։ Նախագծով առաջարկվում է հստակեցնել արյան պետական պաշարների ձևավորման նպատակները, ինչպես նաև վերացնել դոնորների ցանկերի կազմման և մի շարք հաշվետվությունների ներկայացման պահանջները՝ հաշվի առնելով, որ արյունատվությունը, այդ թվում՝ արտակարգ իրավիճակներում, բացառապես կամավոր գործընթաց է։
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1070-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատված է արյան բաղադրամասերի պետական պաշարների ստեղծման, պահպանման և նորացման կարգը, որի մեջ անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ պայմանավորված հետևյալ հանգամանքներով.
Որոշմամբ հաստատված կարգում նշվում է, որ արյան բաղադրամասերի պետական պաշարները ստեղծվում են նաև ռազմական դրության և արտակարգ իրավիճակների պայմաններում փոխներարկումային բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման նպատակով, սակայն, անհրաժեշտություն է առաջացել, հստակեցնել և սահմանել բոլոր դեպքերը:
Որոշմամբ հաստատված կարգում նշվում է, որ արյան բաղադրամասերի պետական պաշարների ստեղծման նպատակով բժշկական կազմակերպությունը հավաքագրում է արյան դոնորների և ստեղծում արյան դոնորների ցանկ: Անհրաժեշտ է նշել, որ արյունատվությունը, նույնիսկ արտակարգ իրավիճակներում, բացառապես կամավոր գործընթաց է և ըստ ցուցակի դոնորների ներգրավումը իրատեսական չէ։
Նաև, արյան ծառայության մարզային բժշկական կազմակերպությունները միավորվել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը և հանդիսանում են կենտրոնի արյան ծառայության մարզային բաժանմունքներ, իսկ Արյունաբանական կենտրոնը անվանափոխվել է:
Նաև, Որոշմամբ հաստատված կարգով նախատեսված է, որ արյան ծառայության մարզային բժշկական կազմակերպությունները յուրաքանչյուր ամիս Արյունաբանական կենտրոնին են ներկայացնում հաշվետվություն` Որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված արյան բաղադրամասերի քանակների առկայության վերաբերյալ, իսկ Արյունաբանական կենտրոնը եռամսյակային հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն: Սակայն, անհրաժեշտ է նշել, որ Որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետով արդեն իսկ սահմանված են արյան պետական պաշարների մշտական չնվազող քանակները, ինչը հանդիսանում է պարտադիր պահանջ, և արյան ծառայության մարզային բաժանմունքները չեն գործում որպես ինքնուրույն առանձին միավորներ, այլ գործում են ««Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կազմում և ամենօրյա հսկողության ներքո, ուստի հաշվետվություններ ներկայացնելը նպատակահարմար չէ:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է նաև ««Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» 2025 թ. դեկտեմբերի 24 -ի ՀՕ-463-Ն օրենքի ընդունմամբ:
Առաջարկվող կարգավորումների բնույթը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1070-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով (այսուհետ` Նախագիծ) առաջարկվում է Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, մասնավորապես, առաջարկվում է Որոշմամբ հաստատված կարգի.
- 2-րդ կետը համապատասխանեցնել «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» օրենքի 32-րդ հոդվածին,
- 3-րդ կետում հստակեցնել արյան բաղադրամասերի ստեղծման նպատակը,
- 7-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններում, ուժը կորցրած ճանաչելով դոնորների ցանկի վերաբերյալ 5-6-րդ կետերը և «Դոնորների ցանկ»-ի Ձև 1-ը, ինչպես նաև հաշվետվություններ ներկայացնելու վերաբերյալ 8-9-րդ կետերը և «Արյան բաղադրամասերի մասին հաշվետվության» Ձև 2-ը:
Նաև, Նախագծով առաջարկվում է Որոշման հավելվածից հանել 13-րդ կետը և այն միացնել Նախագծի հավելվածի 4-րդ կետին:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության աշխատակիցների կողմից:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կհստակեցվի և կկանոնակարգվի արյան բաղադրամասերի պետական պաշարների ստեղծման, պահպանման և նորացման հետ կապված հարաբերությունները:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման Հավելված 1-ով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 15-րդ նպատակից:
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: