«Մուլտի Ռեսթ Հաուս»-ը ցանկանում է վարձակալության հանձնել արգելանքի տակ գտնվող գույքը

Հակակոռուպցիոն դատարանում հուլիսի 30-ին շարունակվեց ըստ հայցի ՀՀ Գլխավոր դատախազության ընդդեմ Գագիկ Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց  ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով գործի քննությունը։ Հերթական նիստում քննարկվեց  «Մուլտի Ռեսթ Հաուս» ՍՊԸ-ի միջնորդությունը՝ ընկերության գույքի նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը մասնակիորեն վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ։ Iravaban.net-ի փոխանցմամբ դատական նիստին ներկա էին  ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Արևիկ Ավոյանը և «Մուլտի Ռեսթ Հաուս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը։

Նիստի սկզբում դատարանը քննարկեց «Մուլտի Ռեսթ Հաուս» ՍՊԸ-ի միջնորդության քննարկմանը։ Ընկերության ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի շրջանակում պահանջ է ներկայացվել նաև «Մուլտի Ռեսթ Հաուս» ՍՊԸ-ի բաժնեմասերի հնարավոր բռնագանձման վերաբերյալ։

Նրա խոսքով՝ ընկերությունը ցանկանում է հնարավորություն ստանալ իրեն պատկանող գույքը վարձակալության տրամադրելու և այդ միջոցով ապահովելու ընկերության բնականոն գործունեությունը։ Հարություն Հարությունյանը նշեց, որ քննարկվող գույքը ներկայումս չի օգտագործվում, եկամուտ չի ստեղծում և գտնվում է չօգտագործվող վիճակում։ Նա հայտնեց, որ նախատեսվում է գույքը վարձակալության տրամադրել մեկ այլ ընկերության՝ ամսական 9 մլն դրամ վարձավճարով։ Ընկերության ներկայացուցիչը դատարանին ներկայացրեց վարձակալության պայմանագրի նախագիծ՝ նշելով, որ դրանում ներառվել են դրույթներ, որոնցով վարձակալը տեղեկացվում է գույքի նկատմամբ առկա դատական գործընթացների և սահմանափակումների մասին։

Նրա խոսքով՝ այդ պայմանները թույլ կտան բացառել հետագայում հնարավոր վեճերը և ապահովել վարձակալի իրազեկվածությունը գույքի իրավական կարգավիճակի վերաբերյալ։ Դատարանին ներկայացվեցին նաև ընկերության պետական գրանցման վերաբերյալ փաստաթղթեր, սեփականության իրավունքի վկայական, գույքի նկատմամբ կիրառված սահմանափակման վերաբերյալ տեղեկանք և հնարավոր վարձակալի վերաբերյալ տվյալներ։

Դատախազության ներկայացուցիչ Արևիկ Ավոյանը հայտարարեց, որ առարկում է միջնորդության դեմ։ Նա նշեց, որ այս դեպքում պետք է հաշվի առնել, որ դատախազության հայցը վերաբերում է ոչ միայն ընկերության բաժնեմասերին, այլ նաև այն ակտիվներին, որոնք ձևավորում են այդ բաժնեմասերի արժեքը։ Դատախազության ներկայացուցիչը ընդգծեց, որ ընկերության բաժնեմասերի հնարավոր բռնագանձման դեպքում նշանակություն ունեն նաև ընկերությանը պատկանող ակտիվները, այդ թվում՝ անշարժ գույքը։

Արևիկ Ավոյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց ներկայացված վարձակալության պայմանագրի նախագծում առկա մի շարք անորոշությունների վրա։ Նա նշեց, որ պայմանագրում հստակ արձանագրված չէ գույքի փաստացի վիճակը, ինչպես նաև ամբողջությամբ կարգավորված չեն գույքի վնասման, վերանորոգման և կողմերի պատասխանատվության հարցերը։ Դատախազության ներկայացուցիչը նաև ընդգծեց, որ միջնորդության մեջ նշված 10 տարվա վարձակալության ժամկետը չի համապատասխանում դատարանին ներկայացված պայմանագրի նախագծին, որտեղ նշված է եղել անորոշ ժամկետով պայմանագիր։

Հարություն Հարությունյանը, արձագանքելով այդ դիտարկումներին, ասաց, որ պայմանագրի նախագծում անորոշ ժամկետի վերաբերյալ ձևակերպումը տեխնիկական վրիպակ է, իսկ կողմերի իրական պայմանավորվածությունը վերաբերում է 10 տարվա ժամկետով վարձակալությանը։

Նիստի ընթացքում կողմերը անդրադարձան նաև գույքի արժեքի հարցին։ Դատախազության ներկայացուցիչը նշեց, որ ամսական 9 մլն դրամ վարձավճարը կարող է վկայել գույքի բարձր արժեքի մասին։ «Մուլտի Ռեսթ Հաուս»-ի ներկայացուցիչը հակադարձեց՝ նշելով, որ վարձակալության արժեքը ինքնին չի կարող հիմք հանդիսանալ գույքի շուկայական արժեքի գնահատման համար, քանի որ խոսքը վերաբերում է ոչ թե ամբողջ ընկերության գույքին, այլ կոնկրետ տարածքին։ Դատարանը կողմերին հարցեր ուղղեց ներկայացված պայմանագրի նախագծի և միջնորդության բովանդակության տարբերությունների վերաբերյալ։ Դատախազության ներկայացուցիչը նշեց, որ դատարանը պետք է գնահատի հենց իրեն ներկայացված փաստաթուղթը, քանի որ հետագայում այլ պայմաններով պայմանագիր կնքելու դեպքում կարող է առաջանալ իրավական անորոշություն։

Դատարանը, լսելով կողմերի դիրքորոշումները, ավարտեց միջնորդության քննարկումը և հայտնեց, որ դատական ակտը կհրապարակվի քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետում՝ օգոստոսի 5-ին։

Մանրամասները տեսանյութում

Leave a Comment