
Ռուսաստանում ռազմական դատարանը Վարաժ Մանուկյանին դատապարտել է 22 տարվա ազատազրկման՝ ինքնահռչակ «ԴԺՀ»-ի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, Ուկրաինայի դեմ կռվող «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի պայթեցման գործով։
Պատժի առաջին վեց տարին նա կանցկացնի բանտում, մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմի գաղութում։ Նրան մեղավոր են ճանաչել ահաբեկչական գործողության և պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության հոդվածներով։
Սարգսյանը զոհվել էր 2025թ. փետրվարի 3-ին Մոսկվայի «Алые Паруса» բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։
ՏԱՍՍ-ին օպերատիվ ծառայություններից հայտնել էին, որ պայթուցիկ սարքի հզորությունը կազմել էր մինչև 1 կգ տրոտիլին համարժեք։ Պայթուցիկը ամրացված էր Պարույր Մաթևոսյանի մարմնին, որը նույնպես զոհվել էր պայթյունի հետևանքով։
Դատարանը նաև որոշել է Մանուկյանից հօգուտ տուժողների՝ «Алые Паруса» բնակելի համալիրի և դրա անվտանգության աշխատակցի, բռնագանձել 6,77 միլիոն ռուբլի։
Ուկրաինայում Արմեն Սարգսյանին մեղադրում էին ապօրինի զինված կազմավորումներին մասնակցելու և Ռուսաստանին օժանդակելու մեջ։ Բացի այդ, նրան համարում են ուկրաինական «Վեստի» թերթի լրագրող Վյաչեսլավ Վերեմիի սպանությանն առնչվող անձ։
Սարգսյանի համար միջազգային հետախուզում էր հայտարարվել սպանությունների կազմակերպման մեղադրանքով։ 2018-ի ապրիլին նրան ձերբակալել էին Ֆրանսիայում, սակայն երկու օր անց ազատ էին արձակել՝ «անձնական պարտավորության» պայմանով։
«Արբատ» գումարտակի հիմնադիրը, ինչպես նշում է «Վաժնիե իստորիի»-ն, Եվրամայդանի ժամանակ ղեկավարել է այսպես կոչված «տիտուշկաների» ջոկատները։ Ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով՝ նա նաև մտերիմ հարաբերություններ է ունեցել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ։