«Վարչաֆեստ 2026»-ը հարկատուների համար կարժենա 179 մլն դրամ – armeniatoday.am

Հայաստանի կառավարությունը շուրջ 23,9 մլն դրամ կհատկացնի «Սևանի շուրջ» երկօրյա սիրողական հեծանվային արշավի անցկացման համար, ևս շուրջ 179 մլն դրամ՝ «Վարչաֆեստ-2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի կազմակերպման նպատակով։ Որոշումն ընդունվել է կառավարության հուլիսի 30-ի նիստում։

Հեծանվային արշավը կանցկացվի օգոստոսին՝ վարչապետի հովանու ներքո։ Դրան կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր անձինք։ Կազմակերպիչները նախատեսում են ներգրավել շուրջ 170 հեծանվորդի՝ Հայաստանի տարբեր մարզերից և քաղաքներից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Վարչաֆեստ-2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնը կանցկացվի Սևանա լճի ափին։ Միջոցառման կազմակերպման համար կհատկացվի 178,95 մլն դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն։ ԿԳՄՍ նախարարությունը փառատոնը որակել է որպես «պետական կարևորության մշակութային միջոցառում»։

Փառատոնի կազմակերպիչ է ընտրվել «Գրավիթի Փրոդաքշն» ընկերությունը։

Եվս մեկ որոշմամբ կառավարությունը վարչապետի աշխատակազմին հատկացրել է 1,5 մլրդ դրամ՝ միջազգային դատարաններում, արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում Հայաստանի շահերի ներկայացման ու պաշտպանության, ինչպես նաև դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովման նպատակով։

Leave a Comment