
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտնել է, որ Ռուսաստանը Ուկրաինային հասցված զանգվածային հրթիռային հարվածի ընթացքում խախտել է Լեհաստանի օդային տարածքը։
«Ռուսաստանի կողմից Արևմտյան Ուկրաինային հասցված զանգվածային հրթիռային հարվածի ընթացքում խախտվել է Լեհաստանի օդային տարածը։ Այդ կապակցությամբ ես հրավիրել եմ համակարգող խմբի նիստ՝ պաշտպանության նախարարի և համապատասխան ծառայությունների մասնակցությամբ, որոնք արդեն բազմաթիվ ժամեր աշխատում են դեպքի վայրում և պարբերաբար ինձ տեղեկացնում են միջադեպի բոլոր հանգամանքների մասին», – X-ում գրել է Դոնալդ Տուսկը։
Տուսկը երկու շաբաթ առաջ հայտարարել էր, որ ռազմական գործողությունները Ուկրաինայում կշարունակվեն առնվազն մինչև գալիք ձմեռ։
«Այս մասին ես զրուցել եմ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի և նախագահ Զելենսկու հետ։ Այս պահի դրությամբ, հաշվի առնելով Ռուսաստանի կոշտ դիրքորոշումը, քիչ հավանական է թվում, որ տեսանելի ապագայում հնարավոր լինի հրադադարի կամ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնություններ ձեռք բերել»,- նշել էր Լեհաստանի վարչապետը։