
Հուլիսի 30-ի գիշերը ռուսական զորքերի հարձակման հետևանքով Ուկրաինայում 8 մարդ է զոհվել։ Տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Հարվածների թիրախում են հայտնվել Կիևը, Լվովը և Ուկրաինայի մի քանի այլ քաղաքներ։
Զելենսկու խոսքով՝ ռուսական կողմը կիրառել է ավելի քան 70 հրթիռ (որոնց մեծ մասը՝ բալիստիկ) և 280-ից ավելի հարվածային անօդաչու թռչող սարք։
«Մեր մարտական ավիացիային հաջողվել է խոցել թևավոր հրթիռների զգալի մասը։ Նույնիսկ շարժական կրակային խմբերն են կարողացել արդյունավետ պայքարել դրանց դեմ։ Սակայն Ուկրաինան հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռների խիստ կարիք ունի»,- նշել է նա։
Զելենսկին գործընկերներին հորդորել է անհապաղ տրամադրել հակաբալիստիկ հրթիռներ՝ շեշտելով, որ ամեն մի ուշացում հանգեցնում է «հենց այնպիսի զոհերի ու ավերածությունների, ինչպիսիք եղան այսօր»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հարվածներ է հասցրել Կիևի «Մայակ» և «Էլեկտրատեխնիկական», Լվովի «ԼԴԱՌԶ» և «Լորտա», Իվանո-Ֆրանկովսկի մարզի «ՍԿԲ ՕՎՏ» և «Նեֆտեմաշ», Ռովնոյի մարզի «Ռովնոազոտ» ու Դնեպրոպետրովսկի մարզի «Ակվապլաստ» ձեռնարկություններին։ Ռազմական գերատեսչությունը զեկուցել է նաև «Յուժնի» նավահանգստում և Օդեսայի մոտակայքում գտնվող երեք բեռնատար նավերի թիրախավորման մասին։