«Ես վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում». Փաշինյանը դժգոհեց Հայաստանում արտադրվող ձկնամթերքի որակից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձավ Հայաստանում արտադրվող ձկնամթերքի որակին՝ նշելով, թե ինքը վաղուց ձուկ չի ուտում:

«Ինչքանո՞վ են դրանք որակական ստանդարտներին համապատասխան: Պետք չի ամբողջացնել. կան արտադրողներ, որ այո, կան արտադրողներ, որ ոչ», – հայտարարեց Փաշինյանը՝ շարունակելով. – «Ես, օրինակ, իմ անձնական փորձը ասեմ, կրքեր կբորբոքեմ դրանով, բայց վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում, շատ վաղուց: Որովհետև իմ համար ակնհայտ է, որ էդտեղ խնդիր կա: Նախ պատահում է՝ անբնական, ինչ-որ, ճարպերը … հոսում են վրայից, ինչ-որ տարօրինակ և անտրամաբանական»:

«Սրանք հարցեր են, որոնց պետք է անդրադառնանք: Եվ մենք, այո,Հայաստանի ներսում սննդի որակի հետ կապված խնդիրներին պետք է անդրադառնանք», – ասաց վարչապետը:

Այսօր Կառավարությունը քննարկում է ձկնարտադրողներին աջակցություն տրամադրելու հարցը, մասնավորապես՝ 2026 թվականի առաջին կիսամյակում ձեռք բերված կերերի արժեքի մեկ ամսվա միջին գնի 20 տոկոսի չափով։

Ըստ Կառավարության՝ «պետական աջակցության տրամադրման միջոցով հնարավոր կլինի որոշակիորեն ապահովել ձկնաբուծական տնտեսությունների արտադրական գործունեության շարունակականությանը և պահպանել ոլորտի արտահանման ներուժն ու մրցունակությունը»։

Leave a Comment