Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «Sevan Agritech Summit 2026» միջազգային համաժողովը: Արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվող այս բարձրաստիճան միջոցառման նպատակն է խթանել թվային և նորարարական տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում՝ նպաստելով ոլորտի արդիականացմանը, համագործակցության ընդլայնմանը և ձեռներեցության զարգացմանը:
«Sevan Agritech Summit»-ն առաջատար մասնագիտական հարթակ է, որը մեկ ընդհանուր նպատակի շուրջ համախմբում է կառավարության և միջազգային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների, ձեռներեցների, ներդրողների, տեղական և միջազգային առաջատար ուսումնական և գիտահետազոտական հաստատությունների ներկայացուցիչների:
«Sevan Agritech Summit 2026»-ն իրականացվում է Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (SIGMA) ծրագրի, «Թվային գյուղատնտեսության հայկական ինստիտուտ» (AI4DA) հիմնադրամի, «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի և այլ գործընկերների կողմից: Միջոցառումն անցկացվում է ամենամյա «Seaside Startup Summit Armenia » միջոցառման շրջանակում` Էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո:

«Sevan Agritech Summit»-ի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար / համագործակցության ղեկավար Ուրսուլա Լաուբլին և ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան Մարեյն Սպետը:
Միջոցառմանը ելույթներով հանդես են գալիս ոլորտի առաջատար փորձագետներ աշխարհի տարբեր երկրներից՝ այդ թվում Գերմանիայից, Ավստրիայից, Նիդերլանդներից, Իտալիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Վրաստանից և Հայաստանից: Բանախոսները կներկայացնեն ոլորտի լավագույն փորձը, զարգացման ժամանակակից միտումներն ու հեռանկարները, ինչպես նաև կանդրադառնան Հայաստանում ագրոտեխնոլոգիաների ներդրման առկա մարտահրավերներին և հնարավորություններին։ Այս տարի երկօրյա համաժողովը համախմբել է ավելի քան 300 մասնակցի Հայաստանից և արտերկրից։
«Sevan Agritech Summit 2026» միջոցառման շրջանակում տեղի կունենա բարձրաստիճան համաժողով, որի առանցքում կլինեն հետևյալ թեմաները՝ ավտոմատացման և արհեստական բանականության դերը գյուղատնտեսության զարգացման գործում, տվյալահեն և արհեստական բանականության վրա հիմնված նորարարությունների խթանումը ջերմատներում, ինչպես նաև ճշգրիտ գյուղատնտեսության և աշխարհատարածական համակարգերի ներդրման միտումներն ու հնավորությունները:
Միջոցառման շրջանակում կանցկացվի նաև «Սևան ԱգրիԹոն 2026» տարածաշրջանային մրցույթը, որի նպատակն է զարգացնել ագրոտեխնոլոգիական ստարտափների կարողությունները Հայաստանում և տարածաշրջանում։ Միջոցառման ընթացքում հաղթող կճանաչվեն այն մասնակիցները, որոնք առավել արդյունավետ ագրոտեխնոլոգիական լուծումներ կառաջարկեն՝ ուղղված Հայաստանում առանցքային գյուղատնտեսական մարտահրավերների հաղթահարմանը:
«Սևան ԱգրիԹոն 2026»-ի եզրափակչին այս տարի մասնակցում են կիսաեզրափակիչ փուլը հաղթահարած յոթ թիմեր։ Մրցույթի ավարտից հետո SIGMA ծրագիրը կշարունակի համագործակցել առավել հեռանկարային լուծումներ մշակած ընկերությունների հետ՝ աջակցելով նրանց իրագործել իրենց գաղափարներն ու դրանք հասանելի դարձնել փոքր գյուղացիական տնտեսությունների համար:
«Սևան ԱգրիԹոն 2025» մրցույթի հաղթող որոշ գաղափարներ այսօր արդեն իրագործման փուլում են՝ առաջարկելով մեղվաբուծության ոլորտի արդիականացմանն ուղղված նորարարական լուծումներ, ինչպես նաև նպաստելով փոփոխվող կլիմայական պայմաններում հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը։