Ըստ մեղադրանքի՝ դպրոցի նախկին տնօրենը աշխատավարձ է ձևակերպել աշխատանքի չհաճախած անձի համար

2026 թվականի հուլիսի 6-ին Հակակոռուպցիոն դատարանում քննության է ընդունվել Վարդենիս քաղաքի թիվ 4 դպրոցի նախկին տնօրենի վերաբերյալ քրեական գործը։  Գործը մակագրվել է դատավոր  Սարգիս Պետրոսյանին։  Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։

Դեպքի հանգամանքները

Ա․ Ս․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով Լ․ Խ․-ի Վ․ Գ․-ի օժանդակությամբ կատարել է իրեն վստահված մանր և խոշոր չափերով գույքի հափշտակություններ, ինչպես նաև երկու դեպքով կատարել է պաշտոնեական կեղծիքներ:
Այսպես՝
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2010 թվականի հունվարի 25- թիվ 10 կարգադրությամբ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 4 դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության և Ա. Ս.-ի միջև կնքվել է թիվ 287 աշխատանքային պայմանագիրը, որով Գործատուն Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումը 2012 թվականի հունվարի 10-ից հանձնել է Ա. Ս.-ին և որի համաձայն` վերջինը օրենքով, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով, Կազմակերպության կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում է անձն է առել ղեկավարել Կազմակերպության գործունեությունը և պատասխանատվություն կրել օրենքների, իրավական այլ ակտերի, հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի որոշումների, կազմակերպության կանոնադրության և պայմանագրի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
Վերոգրյալ հիմքերի հիման վրա Ա. Ս.-ը, հանդիսանալով նշված Կազմակերպության տնօրեն, ի թիվս այլ լիազորությունների և պայտականությունների` ի պաշտոնե օժտված է եղել կնքելու աշխատանքային պայմանագրեր, տնօրինելու Կազմակերպության գույքը և ֆինանսական միջոցները, աշխատանքի նշանակելու և աշխատանքից ազատելու Կազմակերպության աշխատողներին, վերահսկողություն իրականացնելու աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ, աշխատողների նկատմամբ կիրառելու կարգապահական տույժեր, համակարգելու և հսկելու մանկավարժական և այլ աշխատողների աշխատանքը, ապահովելու բյուջետային հատկացումներից, հիմնադրի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից օրենքով սահմանված կարգով ստացված միջոցների արդյունավետ օգտագործումը, բարեխղճորեն կատարելու պայմանագրով ստանձնած պարտավորությունները, այսինքն’ հանդիսացել է պաշտոնատար անձ:
Հանդիսանալով «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 4 դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն` Ա. Ս. մտադրվել է իր ծառայողական լիազորությունների օգտագործմամբ նյութական առավելություն ստանալ և այդ նպատակով 2022 թվականի աշնանը Լ. Խ.-ին առաջարկել է շարունակել հանդիսանալ նշված Կազմակերպության աշխատակից և աշխատանքային պայմանագրեր կնքել Կազմակերպության հետ` պայմանով, որ փոխանցված աշխատավարձի մի մասը Լ. Խ. պետք է տրամադրի Ա. Ս.-ին, որպիսի առաջարկը Լ. Խ. ընդունել է և խոստացել է աջակցել Ա. Ս.-ին` այդ նպատակով իր տվյալները տրամադրելու, անհրաժեշտ պայմանագրերը կնքելու և որպես աշխատավարձ փոխանցված գումարների մի մասը Ա. Ս.-ին հանձնելու եղանակով:
Վերոգրյալ համաձայնության առկայության պայմաններում տեղեկացված լինելով, որ Լ. Խ. աշխատանքի չի հաճախելու և աշխատանքային պարտականությունները չի կատարելու` Ա. Ս. հափշտակություն կատարելու դիտավորությամբ Լ. Խ.-ի հետ կնքել է աշխատանքային պայմանագրեր և Լ. Խ.-ին 2022 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2023 թվականի ապրիլի 31-ը, այնուհետև’ 2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը գրանցել է որպեա հնոցապան, ապա 2024 թվականի հունիսի 3-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում որպես ընթացիկ նորոգող և սպասարկող, իսկ 2025 թվականի նոյեմբերի 1-ից կրկին որպես հնոցապան:
Այնուհետև հիշյալ պայմանագրերի հիման վրա Ա. Ս.-ը հաստատել է աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը, որոնցում մտցրել է կեղծ տեղեկություններ առ այն, որ աշխատանքային օրերին Լ. Խ.-ը հաճախել է աշխատանքի, այդ փաստաթղթերը հաստատել է իր ստորագրությամբ և Կազմակերպության կնիքով, այնուհետև նշված բովանդակությամբ փաստաթղթերը դրել է շրջանառության մեջ, որոնց հիման վրա կնքված աշխատանքային պայմանագրերի գործողության ժամանակահատվածի համար հաշվարկվել և որպես աշխատավարձ Կազմակերպության ֆինանսական միջոցներից Լ․  Խ․-ին վճարվել է ընդհանուր’ 2.446.646 ՀՀ դրամ, որը տնօրինվել է Ա․ Ս․-ի և Լ․ Խ․-ի կողմից:

Ո՞ր հոդվածներով է առաջադրվել մեղադրանքը

Ա․ Ս․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև 445-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով։

Գործով առաջին դատական նիստը տեղի կունենա 2026 թվականի հուլիսի 23-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում։

Ա․ Ս․-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը,, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a Comment