Էրդողանը հայտնել է Թուրքիայում անտառային հրդեհների դեմ պայքարի ընթացքի մասին

Թուրքական իշխանությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ երկրի հարավում, մասնավորապես՝ միջերկրածովյան Անթալիա և Մուղլա նահանգներում բռնկված հրդեհները վերահսկողության տակ առնելու համար, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ կառավարության նիստից հետո ունեցած իր ելույթում, որն ուղիղ հեռարձակել է «TRT Haber» հեռուստաալիքը։

«Այսօր ողջ երկրում բռնկվել է 90 հրդեհ, որոնցից 59-ը ծագել են ոչ անտառային տարածքներում։ Այդ հրդեհներից 81-ն ամբողջությամբ վերահսկողության տակ է առնվել։ Ներկայումս աշխատանքներ են տարվում Մուղլա, Բալըքեսիր, Անթալիա և Չանաքքալե նահանգներում հրդեհները կասեցնելու ուղղությամբ»,- ասել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ հրդեհների դեմ պայքարի ազգային ուժերում ներգրավված է մոտ 28 հազար հրշեջ, 140 հազարից ավելի կամավոր, 28 ինքնաթիռ, 119 ուղղաթիռ, 14 անօդաչու սարք և շուրջ 6 հազար միավոր վերգետնյա տեխնիկա։

Կրակի և ուժեղ ծխի պատճառով փրկարարները տարհանել են բնակիչներին և ժամանակավորապես փակել Ֆեթհիե-Անթալիա ճանապարհը։ Իսկ Անթալիայի լեռներում բռնկված խոշոր հրդեհները հրշեջներին առայժմ հաջողվում է հսկողության տակ պահել։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ հրդեհները վտանգ չեն ներկայացնում զբոսաշրջային շրջանների համար, քանի որ դրանք գտնվում են բռնկման վայրերից զգալի հեռավորության վրա։

Leave a Comment