Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը.
«Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսում է, որ աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության համակարգի սուբյեկտների ազդարարման և իրազեկման կարգը պետք է հաստատվի Կառավարության կողմից:
Ներկայումս ազդարարման և իրազեկման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բնակչության ազդարարման և իրազեկման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 346-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն, որը ենթակա է վերախմբագրման՝ գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու առումով:
Առաջարկվող կարգավորման բնույթը.
Ներկայացվող նախագծով կսահմանվեն և կհստակեցվեն «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքով նախատեսված աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության համակարգի սուբյեկտների՝ Կառավարության, Ազգային ժողովի և դատարանների, անկախ պետական և ինքնավար մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) և բնակչության ազդարարման և իրազեկման գործընթացները:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունմամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 346-Ն որոշման մեջ։
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի փոփոխություններ չեն նախատեսվում։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը մշակվել է՝ ի կատարումն ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի «Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1717-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 38-րդ կետի 2-րդ ենթակետի, 40-րդ կետի, ինչպես նաև N 2 հավելվածի 4.1-ին կետով նախատեսված՝ ԱՌԿ ոլորտի վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակի բարձրացման ծրագրի կատարման պահանջի։
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ վարչապետի 2025 թվականի օգոստոսի 12-ի «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 705-Ա որոշմամբ հաստատված հավելվածի ցանկի 15-րդ կետի պահանջից «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության համակարգի սուբյեկտների ազդարարման և իրազեկման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի պահանջի կատարումը, ինչպես նաև ազդարարման և իրազեկման գործընթացի արդյունավետության ապահովումը: