Զինվորի ենթադրյալ ծեծի մասին ահազանգից մինչև վիճակագրություն․ ինչն են հերքում ու ինչը հաստատում վարչապետն ու ՊՆ-ն

Ջերմուկի զորամասում ժամկետային զինծառայողի ենթադրյալ ծեծի ենթարկվելու մասին իրավապաշտպանի հրապարակումը դարձել է հանրային ու քաղաքական քննարկման աղմկահարույց թեմա։ Պաշտպանության նախարարությունը հերքել է զինծառայողի ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնել, որ դեպքի առնչությամբ  իր լիազորությունների շրջանակում քայլեր է ձեռնարկել։ Այս ֆոնին շարունակում են քննարկվել նաև բանակում ոչ մարտական պայմաններում մահերի վիճակագրությունն ու դրանց պատճառները։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հրապարակած՝ իրեն հասած տեղեկությունները, որ Ջերմուկի զորամասում ծեծի է ենթարկվել 6 ամիս առաջ բանակ զորակոչված 19-ամյա ժամկետային զինծառայող, մեծ աղմուկ են բարձրացրել սոցիալական ցանցերում։ Ալեքսյանյանի փոխանցմամբ՝ զինծառայողի վիճակը ծանր է եղել,  տեղափոխվել է Կանազի հոսպիտալ։

Իրավապաշտպանը նաև անձնական որոշ տվյալներ է ներկայացրել՝ նշելով՝ զինծառայողն ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։ Մամուլն ու սոցցանցերն արագորեն տարածեցին նրա ձևակերպումը, ըստ որի՝ զինծառայողի մայրն ասել է, որ որդուն տեսել է ծանր վիճակում՝ դեմքն անճանաչելիորեն վնասված։ Աղմկահարույց այս թեման առանձնակիորեն ծանրացնում էր այն, որ հնարավոր բռնության ենթադրյալ հեղինակը եղել է սպայական կազմից։

Իրավապաշտպանը դեպքի առնչությամբ հրավիրել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ուշադրությունը։

Գրառմանը շտապեց արձագանքել Պաշտպանության նախարարությունը՝ կեսգիշերին հերքման տեքստ տարածելով։ Գերատեսչությունը հայտարարեց՝ սոցցանցում օգտատերերից մեկի տարածածն իրականությանը չի համապատասխանում։ Կառույցը հորդորել էր զերծ մնալ չստուգված և կեղծ տեղեկություններ տարածելուց, ինչպես նաև հասարակության շրջանում ՀՀ բանակի հեղինակությունը վարկաբեկելուն ուղղված անհիմն փորձերից։ Նման հրապարակումները, ըստ նախարարության, մոլորեցնում են հանրությանը՝ նպաստելով ապատեղեկատվության տարածմանը։ Մեջբերում․

«Զինծառայողի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրի պատճառով։ Պաշտպանության նախարարությունը պատրաստ է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին ուղեկցել հոսպիտալ՝ տեղում իրականությանը ծանոթանալու նպատակով»։

Իսկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն օրվա ընթացքում նախաձեռնեց այցը զինվորին։ «Ռադիոլուր»-ին ասացին, որ իրենց իրավասությունների շրջանակում  անհրաժեշտ քայլեր են ձեռնարկել, ինչը հրապարակման ենթակա է՝ կներկայացնեն։
 
Թեմայի ամենազգայուն կողմը զինծառայողի՝ հոգեկան առողջության խնդիրներ ունենալ-չունենալն է։ Այդպիսի խնդիրների առկայությունը հիմնականում հենց Կանազի հոսպիտալում է պարզվում կամ ախտորոշվում։ Ըստ «Ռադիոլուրի» տեղեկությունների՝ հենց այդ նպատակով են զինվորին հենց այստեղ տեղափոխել։ Ըստ այդմ պետք է պարզվի՝ երիտասարդն ունի՞ այդպիսի խնդիր, և հետագայում տրվի պատասխանը՝ եթե ունեցել է, ինչո՞ւ է դրանով հանդերձ զորակոչվել։

Տղայի մայրը, ով իրավապաշտպանի Ժաննա Ալեքսանյանի փոխանցմամբ, հենց իրեն տեղեկություններ էր փոխանցել, այժմ հրաժարվում է խոսել։ Նա միջնորդավորված փոխանցել է, որ ներկայում իրեն մտահոգում է միայն որդու վիճակը, և որ խուսափում է նոր հուզական հայտարարություններ անելուց։ Ալեքսանյանն ինքն էլ այլ մանրամասներ չի ներկայացրել, մանրամասներ իր իսկ փոխանցած տեղեկությունների մասին, որոնք Պաշտպանության նախարարությունը հերքել է՝ գնահատելով կեղծ։

Լրագրողներն այս թեմայի շուրջ հարցեր են ուղղել վարչապետին։ Բանակում բացասական երևույթների զգալի մասի պատճառները, ըստ Փաշինյանի, կապված չեն բացառապես զինված ուժերի հետ։ Խնդրի լուծումը պահանջում է հանրության սոցիալ-հոգեբանական ընկալումների փոփոխություն՝ ասել է նա։  

«Ես դրա լուծումը տեսնում եմ մեր հանրության սոցիալ-հոգեբանության փոփոխության մեջ, որովհետև առիթ ունեցել եմ ասելու՝ բանակում տեղի ունեցող երևույթների մոտավորապես 70 տոկոսի արմատները բանակի հետ կապված չեն»։

Վարչապետը սպայական կազմի պատասխանատվությունը ևս տեսնում է,  սակայն, ասում է՝ ամեն դեպք պետք է քննվի առանձին հանգամանքների համատեքստում։

«Սպայական կազմն իր մեղավորությունն ունի, բայց ամեն առանձին դեպք պետք է առանձին դիտվի։ Ընդհանուր առմամբ երևույթի վերաբերյալ իմ դիրքորոշումն առաջին անգամ չէ, որ ասում եմ։ Դա, իհարկե, խնդիր է, որը պետք է լուծենք»։

Փաշինյանը խոստովանում է՝ խնդիրը կա ու շարունակում է լինել՝ անկախ պաշտոնյաների և անգամ իշխանությունների փոփոխությունից։

«Ցավոք սրտի, նախարարներ են փոխվում, նույնիսկ իշխանություններ են փոխվում, բայց այդ խնդիրը շարունակում է մնալ։ Դա նշանակում է, որ խնդիրները շատ ավելի խորն են, քան մենք ընդհանրապես սովոր ենք դրանք պատկերացնել»։

 2026 թվականին հայ-ադրբեջանական սահմանին զոհեր չեն գրանցվել, սակայն բանակում տարբեր հանգամանքների բերումով գրանցվել են մահվան դեպքեր։ Այս տարվա առաջին 7 ամսում հաղորդվել է 8 զինծառայողի մահվան մասին։ Վերջին մահվան դեպքը  հաղորդվել է հուլիսի 21-ին։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2025-ին բանակում գրանցվել է  մահվան 36դեպք, որոնցից 6-ը՝ ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով։

Ավելի վաղ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն արձանագրել էր, որ վիճակագրության միայն թվային պատկերը չի արտացոլում բանակում առկա ամբողջական մթնոլորտը։

«Այս վիճակագրությունը ձևավորելիս մենք անդրադառնում ենք բոլոր տեսակի մահերի՝ սկսած ինֆարկտից, էլեկտրահարումից, կայծակահարումից, ավտովթարներից, ճանապարհատրանսպորտային պատահարներից մինչև, իհարկե, այո, այն ցավալի դեպքերը, որոնք տեղի են ունենում տարբեր հանգամանքների բերումով»։

Վերադառնալով զինծառայողին ենթադրաբար ծեծի ենթարկելու թեմային․պաշտպանության նախարարությունից փոխանցում են՝ տղայի  առողջական վիճակը լավ է, անհանգստացնող որևէ խնդիր չկա։
Իրավական այլ հարցերի պատասխանն ակնկալվում է իրավապահ կառույցներից։

Leave a Comment