Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է հաստատել նախադպրոցական կրթական նոր ծրագրեր։
Նոր ծրագրերը պարտադիր կիրառություն կունենան մանկապարտեզներում և միտված են երեխաների բազմակողմանի զարգացմանը, սոցիալականացմանը, ինչպես նաև ինը առանցքային կարողունակությունների ձևավորմանը։
Անհրաժեշտությունը
Հրամանի նախագծի ընդունումը բխում է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի պահանջներից և միտված է ոլորտի բովանդակային բարեփոխումների իրավական ամրագրմանը:
Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը
Գործընթացի հիմքում ընկած է ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 744-Ն որոշմամբ հաստատված «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի» ներդրման նպատակադրումը:
Չափորոշչի պահանջների ապահովման համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 16-ի համապատասխան հրամաններով հաստատվել էին նախադպրոցական կրթական համալիր ծրագրեր՝ տարիքային բոլոր խմբերի համար: Այդ ծրագրերի փորձարկումն ու աստիճանական ներդրումը մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարում (սկզբնական շրջանում՝ 60 հաստատությունում) և հաջողությամբ ավարտվել 2025-2026 ուսումնական տարում՝ ընդգրկելով հանրապետության համայնքային ենթակայությամբ գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատությունները:
Չափորոշչի ներդրման ողջ ընթացքում իրականացված շտադիտարկումների, փորձագիտական վերլուծության, ինչպես նաև նախադպրոցական հաստատությունների մանկավարժական համակազմերից ստացված գործնական դիտարկումների ու առաջարկների հիման վրա կատարվել են մի շարք էական բովանդակային փոփոխություններ: Դրանք ամբողջությամբ արտացոլվել են սույն փաթեթով ներկայացվող լրամշակված կրթական ծրագրերում:
Ծրագրերն ապահովում են անցումը երեխայի բազմակողմանի զարգացումն ու սոցիալականացումը երաշխավորող արդի համակարգի. դրանք միտված են երեխաների մոտ ինը առանցքային կարողունակությունների ձևավորմանը (լեզվական, մշակութային, մաթեմատիկական, թվային, ինքնաճանաչողական և այլն)՝ հաշվի առնելով նրանց տարիքային առանձնահատկությունները: Մեթոդաբանության հիմքում դրված է երեխայի ակտիվ դերակատարումը: Ուսումնական գործընթացը կառուցվում է երեխայի հետաքրքրությունների, հարցասիրության և նախաձեռնողականության խրախուսման վրա:
Ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունումը կնպաստի նախադպրոցական կրթության բովանդակային միասնական քաղաքականության իրականացմանը: Ծրագրերը ձեռք կբերեն նորմատիվ բնույթ, ինչը թույլ կտա բացառել կրթական գործընթացի կամայական կազմակերպումը առանձին հաստատություններում՝ ապահովելով պետության կողմից երաշխավորված կրթության որակի համահավասար մակարդակ, գնահատել նախադպրոցական հաստատությունների գործունեության համապատասխանությունը սահմանված պետական չափանիշներին:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամ: