Հայաստանի գլխավոր դատախազությունը հաստատել է, որ ընթացք է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ հրապարակմանը։ Իր կյանքին ուղղած սպառնալիքների մասին հայտարարությունը Աննա Հակոբյանն արել էր ֆեյսբուքյան էջում և դա կապել իր նոր նախաձեռնության հետ։ Վերջին հրապարակումներում վարչապետի տիկինն անդրադառնում է Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերին, դրանք թաքցնելու պրակտիկային ու ընդհանրապես խնդրին առնչվող իրավիճակին։ Հակոբյանը կարծում է, որ պատճառները նաև օրենսդրական բացերի մեջ են։
Եթե աշխարհում ամեն երրորդ կինը, ըստ պաշտոնական վիճակագրության, ենթարկվում է ընտանեկան բռնության, ապա Հայաստանում գուցե բռնությունը կիրառվում է յուրաքանչյուր առաջին կնոջ նկատմամբ․ ենթադրության հեղինակը Հայաստանի վարչապետի կինն է․
«Ընտանիքներում բռնության թեմայի բարձրաձայնումից հետո կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում, հուսով եմ` պետական ծառայությունները կկարողանան նման բան թույլ չտալ, որովհետև երկրի հեղինակությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի տիկինը բռնության զոհ դառնա»։
Գլխավոր դատախազության ուշադրությունը գրավեց այս հայտարարությունը։ Ահազանգին ընթացք տալու մասին տեղեկացնելուց բացի՝ կառույցն այլ մանրամասներ չի հայտնում։ Քննչական կոմիտեն նույնպես հակիրճ է ձևակերպում․ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ իր կյանքի նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ հաղորդումն ուսումնասիրման փուլում է․
«Սիրելի կանայք, միայն մենք կարող ենք իրար օգնել և իրար պաշտպանել։ Պետք է սկսել համարձակ խոսել այս երևույթի մասին։ Հնարավոր չի լինելու բոլորիս միաժամանակ ուժով լռեցնել։ Մի վախեցեք, ամենավատն արդեն մեզ հետ պատահել է։ Տարիներով ապրել հոգեբանական, ֆիզիկական, ֆինանսական, սեռական բռնության պայմաններում մղձավանջ է, որից պետք է դուրս գալ»։
Հուլիսի սկզբին Հակոբյանը նոր նախաձեռնություն սկսեց ընտանեկան բռնության մասին, պատճառը մի կնոջ պատմությունն էր։ Հակոբյանը փորձում է քաջալերել խիզախ կանանց՝ գեներացնելու ընտանեկան բռնության դեմ լայնածավալ պայքար։ Մեկ ամիս շարունակ գրեթե ամենօրյա ռեժիմով Հակոբյանն իր հետևորդների համար ընթերցում էր Քրեական օրենսգրքի՝ խնդրին առնչվող դրույթները․
«Որպես այդպիսին, «ընտանեկան բռնություն» երևույթը մեզանում քրեականացված չէ, ինչը նշանակում է օրինական է»։
Ավելի հնչեղ բացահայտում Աննա Հակոբյանն իր մեկամսյա ուսումնասիրության ընթացքում չարեց, հետևաբար սպառնալիքի աղբյուրը և ուղղությունը տեսանելի չեն։
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումներն այս տարվա 6 ամիսներին 78-ով ավելացել են՝ հաստատում է ՆԳ նախարարությունը։ Աճն այս դեպքում նաև դրական բովանդակություն ունի, քանի որ ըստ պատասխանատուների՝ սա նշանակում է, որ բռնության ենթարկված անձանցից շատերը չեն լռում, դիմում են ոստիկանություն՝ վստահ, որ իրենց ձայնը լսելի է, իսկ իրավունքները՝ պաշտպանված։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունում է, որ կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին արձագանքն ավելի համակարգված դարձնելու կարիք կա, բայց չի ընդունում նաև պատկերն ուռճացված ներկայացնելու մոտեցումը․
«Իրավական հարթության և բովանդակային արձագանքի միջև հաճախ անհամադրություն կա։ Այսինքն` մենք կարող ենք նկատել, որ իրավական բոլոր պրոցեսները շատ ճիշտ են, ամեն ինչ իդեալական կատարված է, բայց երբ զոհի տեսանկյունից ուզում ենք հասկանալ բովանդակային արձագանքը՝ ճիշտ ժամկետում կամ ճիշտ տրամաբանությա՞մբ է տրված, թե՞ ոչ, նկատում ենք, որ դեռ չենք հասել այնտեղ, երբ իրավական ընթացակարգերը և բովանդակային արձագանքը շատ ճիշտ ներդաշնակեցված են և տալիս են այն արդյունքը, որը մենք ուզում ենք ունենալ»։
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանը չի կարծում, թե իրավիճակի պատճառները թաքնված են նաև օրենսդրական բացերում․
«Տարբեր, անգամ միջազգային գնահատումների շրջանակներում մենք ունենք անհամեմատ ավելի լավ օրենսդրություն, քան դրա կիրառման պրակտիկան։ Այստեղ մենք ունենում ենք խնդիրներ թե՛ մարդ–ռեսուրսների հետ, թե՛ մասնագիտական մոտեցումների հետ, թե՛ երբեմն համագործակցության և ուղղորդման հետ։ Որոշ դեպքերում, միգուցե, օրինակ, սոցիալական աշխատողը շատ լավ իր գործը անում է, ոստիկանը իր գործը անում է, քննչական, այդ ամեն ինչը փոխանցվում է, բայց այդ կապի բացակայությունը ինչ–որ մի տեղ խզում է առաջացնում, որի հետևանքով չենք կարողանում ունենալ այն դրական և ցանկալի արդյունքը, որը պետք կլիներ կոնկրետ դեպքերով, որոնք և՛ աղմուկ են բարձրացնում, և՛ հետևանք են առաջացնում»։
Ընտանեկան բռնության թեման Հայաստանում խտացված գույներով ներկայացնելու փորձերը հակասում են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ունեցած տեղեկություններին։ Փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանի ներկայացրած պատկերն այլ է․
«Մենք կարող ենք այս աշխատանքների ներկայացման և մեր փորձի փոխանակման տեսանկյունից դառնալ որպես օրինակելի երկիր առնվազն տարածաշրջանում` սկսած կանխարգելիչ աշխատանքների հիմնումից մինչև արդեն ծառայություններ»։
Ընտանեկան բռնության թեմայով տարբեր քննարկումներ՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, վերջին շրջանում կազմակերպել էր ՆԳ նախարարությունը։
Ըստ ներկայացված վիճակագրության՝ տարեկան Հայաստանում արձանագրվում է ընտանեկան բռնության շուրջ 2․000 դեպք։