ՀՀ-ից չմեկնած անձանց ելքի գրանցումների չեղարկման կարգ կսահմանվի

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով ՀՀ կառավարությունը նախատեսում է փոփոխել սահմանահատման տվյալների գրանցման կարգը։

Նոր կարգավորմամբ՝ այն դեպքերում, երբ անձը անցել է ՀՀ-ից ելքի բոլոր գրանցումները, սակայն տարբեր պատճառներով փաստացի չի լքել երկրի տարածքը կամ վերադարձվել է Հայաստան, ՍԷԿՏ համակարգում մուտքագրված ելքի տվյալները կչեղարկվեն, իսկ անձնագրում դրված՝ ՀՀ-ից ելքը հավաստող կնիքը կճանաչվի անվավեր։

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտու­թյունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 702-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մա­սին» Կառա­վա­րու­­թյան որոշ­­ման նախագծի ընդու­նումը պայ­մա­նավորված է ՀՀ պետական սահմանը հատող անձանց սահմանահատման տվյալների հստակությունն ապահովելու անհրաժեշտությամբ:

Քիչ չեն այնպիսի դեպքերը, երբ անձը ՀՀ-ից ելք կատարելիս անցել է սահմանային բոլոր գրանցումները (ելքի տվյալները մուտքագրվել են ՍԷԿՏ համակարգ, իսկ անձնագրում դրվել է ՀՀ-ից ելքը հավաստող ամսաթիվ-կնիք), սակայն որոշակի հանգամանքներով (չի նստել օդանավ, գնացք կամ իրավապահ մարմինների պահանջով իջեցվել է օդանավից, գնացքից կամ մեկնել է նպատակակետ երկիր, սակայն այնտեղ վերջինիս մուտքը չի թույլատրվել և անձը վերադարձել է ՀՀ և այլն) պայմանավորված  անձը չի մեկնել ՀՀ-ից կամ վերադարձվել է ՀՀ: Նման դեպքերում անհրաժեշտություն է առաջանում ապաբեռնել (չեղարկել) տվյալ անձի ելքի սահմանահատման վերաբերյալ ՍԷԿՏ համակարգ մուտքագրված տվյալները, իսկ վերջինիս անձնագրում դրված ելքի նշանով ամսաթիվ-կնիքը ճանաչել անվավեր:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է կանոնակարգել ՀՀ-ից ելք կատարող անձանց վերաբերյալ ՍԷԿՏ համակարգում կատարված գրանցումներն ապաբեռնելու (չեղարկելու) հետ կապված հարաբերությունները՝ սահմանելով, որ վերջիններիս անձնագրերում ելքի նշանով ամսաթիվ-կնիքներն անվավեր են ճանաչվում և ՍԷԿՏ համակարգում անձանց գրանցումներն ապաբեռնվում չեղարկվում են սահմանապահ զորքերի հրամանատարի կողմից սահմանված դեպքերում և կարգով, ինչպես նաև սահմանելով տվյալ դեպքում ամսաթիվ-կնիքի վրա դրվող կնիքի ձևը:

Նախագծի ընդունումից հետո պետական եկամուտներում և ծախսերում փոփոխություն­­ներ չեն առաջանա:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ պետական սահմանը հատող անձանց սահմանահատման տվյալների հստակությունը:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 

Հայաստանի տնտեսական և ինստիտուտցիոնալ վերափոխման դոկտրին, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մա­վա­րություններ

Նախագծերի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի  26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխի «Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգը» կե­տից:

Նախագիծը չի հակասում Կառավարության 2026 թվականի հունվարի 8-ի N 16-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի տնտեսական և ինստիտուտցիոնալ վերափոխման դոկտրինին։

Leave a Comment