Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որոնք վերաբերում են երկրի արտաքին քաղաքական վեկտորին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած վերջին հեռախոսազրույցին և Եվրասիական տնտեսական միության շուրջ (ԵԱՏՄ) ստեղծված իրավիճակին։
Անդրադառնալով ՌԴ նախագահի հետ հուլիսի 27-ին կայացած հեռախոսազրույցին՝ վարչապետը նշել է, որ Ռուսաստանի նախագահի հետ երկխոսության ընթացքում առնվազն մի քանի հարցերի շուրջ եկել են ընդհանուր փոխըմբռնման։ Նրա ձևակերպմամբ, ամենակարևոր արդյունքն այն է, որ արձանագրվել է Հայաստանի՝ ինքն իր համար նոր ուղիներ հարթելու լեգիտիմ իրավունքը։
Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ ինքը ՌԴ նախագահին հստակ հայտնել է երկրի որդեգրած քաղաքականության մասին, որն արդեն ստացել է նաև Հայաստանի ժողովրդի քվեն խորհրդարանական ընտրություններում։ «Հայաստանի Հանրապետությունը միշտ և բոլոր հարցերում պետք է ունենա այլընտրանքներ, և այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է»,– ասել է նա։ Ըստ նրա՝ այժմ հիմնական խնդիրն այն է, թե ստեղծված այդ նոր հնարավորություններն ու այլընտրանքները կոնկրետ երբ պետք է կյանքի կոչվեն և գործնականում իրացվեն։
Խոսելով հայկական ապրանքների արտահանման հետ կապված վերջին խնդիրներին ու սահմանափակումների մասին՝ վարչապետն ասել է որ ԵԱՏՄ գործընկերների կողմից հարուցվող արգելքները ուղղակիորեն հարվածում են հենց կառույցի հեղինակությանը։ Նրա խոսքով՝ եթե այս հարցը հրատապ ու արագ լուծում չստանա, ապա «դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը»։ Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանը հստակեցրել է, որ պաշտոնական Երևանն այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալու հատուկ պլաններ կամ մշակված ծրագրեր չունի։
Ինչ վերաբերում է Եվրոպական միությանն անդամակցելու հնարավոր հանրաքվեի անցկացման հարցին ու դրա ժամկետներին, Նիկոլ Փաժինյանը հերքել է ցանկացած տեսակի արտաքին ճնշում կամ պարտադրանք այս գործընթացում։ Նա ընդգծել է, որ ժամկետների վերաբերյալ դրսից հնչող հորդորներն անընդունելի են, քանի որ Հայաստանն իր սուվերեն իրավունքներին վերաբերող որոշումները կայացնում է բացառապես ինքնուրույն։