Հայաստանը զբաղեցրել է 96-րդ հորիզոնականը Հարկային ծախսերի թափանցիկության համաշխարհային ինդեքսում (Global Tax Expenditures Transparency Index, GTETI)՝ 100 հնարավորից ստանալով 33,4 միավոր։
Հետազոտությունն ընդգրկում է 218 երկիր և տարածք։ Ընդ որում՝ 102 երկիր կիսել է վերջին՝ 117-րդ տեղը՝ չվաստակելով ոչ մի միավոր։ Վարկանիշի նախորդ տարբերակի համեմատ Հայաստանը նահանջել է 21 աստիճանով, իսկ վերջնական գնահատականը նվազել է 3,5 միավորով։
Տարածաշրջանի երկրների շարքում Ռուսաստանը զբաղեցրել է 7-րդ տեղը, Վրաստանը՝ 28-րդ, Թուրքիան՝ 92-րդ, Հայաստանը՝ 96-րդ, իսկ Ադրբեջանը՝ 103-րդ հորիզոնականը։
GTETI ինդեքսը գնահատում է հարկային ծախսերի թափանցիկությունը հինգ ուղղությամբ․ հաշվետվությունների հանրային հասանելիություն, ինստիտուցիոնալ հիմքեր, հաշվետվությունների մեթոդաբանություն և ընդգրկում, հարկային արտոնությունների վերաբերյալ տեղեկատվության բացահայտման ամբողջականություն, ինչպես նաև դրանց բյուջետային ազդեցության գնահատման որակ։
