Իրանը դիտարկել է Ուկրաինայի ծովային նավահանգիստներից մեկին հարված հասցնելու հնարավորությունը՝ ի պատասխան Կասպից ծովում իրանական նավի վրա իրականացված հարձակման, գրում է The New York Times-ը։ Արեւմտյան եւ իրանցի դիվանագետները թերթին հայտնել են, որ դիվանագիտական ջանքերը նպաստել են լարվածության թուլացմանը։
Հետախուզական տվյալների համաձայն՝ Թեհրանը մտադիր էր Ուկրաինայի ուղղությամբ արձակել բալիստիկ հրթիռ՝ «խորհրդանշական հարված» հասցնելու համար, որպեսզի համեմատաբար փոքր վնաս պատճառեր։ Որոշ աղբյուրներ ենթադրել են, որ թիրախը, հավանաբար, կլիներ երկրի սեւծովյան նավահանգիստներից մեկը։
Թերթը գրում է, որ Իրանից Ուկրաինայի ուղղությամբ արձակված ցանկացած հրթիռ կնշանակեր լարվածության կտրուկ սրում եւ կարող էր ավելի լայնածավալ հակամարտություն հրահրել երկու երկրների միջեւ։ Իրանցի պաշտոնյաները, ըստ The New York Times-ի, մտածում էին, թե հակամարտությունը կավարտվի իրենց պատասխան հարվածով, սակայն Արեւմուտքում զգուշացրել են, որ դժվար է կանխատեսել, թե ինչպես կարձագանքի Ուկրաինան։
Ուկրաինական հարվածից հետո տեղի է ունեցել երկու երկրների արտգործնախարարների հեռախոսազրույցը։
X սոցիալական ցանցում Սիբիհան Արաղչիի հետ հեռախոսային խոսակցությունը որակել է «անկեղծ զրույց»։
«Ես կրկնեցի, որ Ուկրաինայի բոլոր գործողություններն ուղղված են բացառապես մեր երկիրը ռուսական ագրեսիայից պաշտպանելու համար և երբեք նպատակ չեն ունեցել թիրախավորել քաղաքացիական նավերին կամ անձանց»,- գրել է Սիբիհան։
Իր հերթին Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, կրկին X-ում, անդրադառնալով հեռախոսազրույցին, հայտնել է, որ Սիբիհան հավաստիացրել է՝ իրանական նավին հարվածը միտումնավոր չի եղել:
«Ուկրաինան սրացման չի ձգտում: Իրանը նույնպես չի ձգտում սրացման, բայց մենք ասել ենք, որ մեր քաղաքացիների և շահերի դեմ ցանկացած հարձակում անընդունելի է: Վնասի համար պետք է փոխհատուցում լինի»,- գրել է Արաղչին X հարթակում: