Իրանը շուտով Չինաստանից կստանա 400 զենիթահրթիռային համալիրներ. Reuters

Իրանը առաջիկա շաբաթների ընթացքում Չինաստանից կստանա մինչեւ 400 դյուրակիր զենիթահրթիռային համալիրների առաջին խմբաքանակը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով գործարքին ծանոթ երեք աղբյուրների։

Նշվում է, որ նախատեսված է չինական արտադրության QW-12 եւ FN-16 հրթիռների ձեռքբերում։ Գործարքի արժեքը գնահատվում է 60-70 միլիոն դոլար։

Համաձայնագիրը կնքվել է հոնկոնգյան Zhongqing Baoshang International Investment ընկերության հետ, որը, աղբյուրների խոսքով, միջնորդի դեր է կատարել իրանական կողմի եւ չինական մատակարարի միջեւ։ Կողմերի համաձայնեցրած ծրագրի համաձայն՝ մատակարարումները սկզբում կիրականացվեն օդային ճանապարհով՝ Չինաստանի արեւմուտքում գտնվող Ուրումչիից, այնուհետեւ՝ տարանցիկ եղանակով Պակիստանի տարածքով դեպի Իրան։

Պակիստանը հերքել է մատակարարումներին իր մասնակցությունը։

Եվրոպական անվտանգության ոլորտի մի աղբյուր հայտնել է, որ իր երկրի իշխանությունները տեղեկացված են մի քանի քննարկվող պայմանագրերի մասին, որոնք վերաբերում են Իրանին QW շարքի համալիրների, այդ թվում՝ QW-12, QW-18 եւ QW-19 համակարգերի հնարավոր վաճառքին։ Մերձավոր Արեւելքի անվտանգության ոլորտի երկրորդ աղբյուրը նշել է, որ Իրանը ձգտում էր ձեռք բերել QW-12 եւ QW-18 հրթիռներ, սակայն իրեն հայտնի չէր, որ գործարքն արդեն կայացել է։

Արեւմտյան հետախուզական երկու աղբյուր եւ իրանցի մի պաշտոնյա հայտնել են, որ Թեհրանը նաեւ ուսումնասիրում էր չինական ռազմական մատակարարումներն ու երկակի նշանակության բաղադրիչները ցամաքային երթուղիներով տեղափոխելու հնարավորությունը՝ դրանք առավել աննկատ իրականացնելու եւ մատակարարումների խափանումների ռիսկը նվազեցնելու նպատակով։

Leave a Comment