Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական գործունեությանը վերաբերող կարգավորումները նոր չեն և գործում են 2021 թվականից, ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«ԱԺ-ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից։
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը»,- գրել է Ռուբինյանը՝ լրագրողներին հորդորելով համեմատել նախկին և նոր կանոնները։
Ռուբեն Ռուբինյանի ստորագրած որոշմամբ հաստատվել էին Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները։
Ըստ որոշման՝ ԱԺ տարածքի և շենքի պահպանությունն ու անվտանգության ապահովումն իրականացնում է Պետական պահպանության ծառայությունը։
Կանոնների համաձայն՝ հավատարմագրված լրագրողները մասնագիտական գործունեություն են իրականացնում հատուկ առանձնացված տեղերում, իսկ այլ վայրերում աշխատելու համար անհրաժեշտ է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի թույլտվությունը։
Հանձնաժողովների նիստերին ներկա գտնվելու համար լրագրողների ցուցակը պետք է ներկայացվի նիստը սկսվելուց առնվազն երկու ժամ առաջ, իսկ հատուկ վերահսկելի գոտիներում լրագրողական գործունեություն իրականացնելն արգելվում է։
Արգելվում է նաև տեսաձայնագրել կամ լուսանկարել Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին՝ իրենց պարտականությունները կատարելիս։ ԱԺ նիստերի դահլիճի օթյակներում գտնվող անձանց չի թույլատրվում օգտագործել լուսանկարչական, կինո և տեսատեխնիկա, հեռախոսակապ կամ ռադիոկապ։