«Time» ամսագիրը նրան շնորհել է «գերաստղ» տիտղոսը, համարել բարձրագույն կարգի վոկալիստ և դրամատիկ արտիստ։ 41 տարի շարունակ նա բարձրացել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերայի» բեմ։ Նվաճել է աշխարհի լավագույն բեմերը, համագործակցել հռչակավոր նվագախմբերի հետ և իր չքնաղ սոպրանոյով գերել հանդիսականին արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ:
Նա Թագուհի Արմաղանյանն է, որն աշխարհին հայտնի է Լուսին Ամարա անունով: Նրա հայրը կոշկակար Ջորջ Արմաղանյանն էր, մայրը՝ Ադրիան Ղազանչյանը. տարագրյալ հայի իրենց ճակատագրով նրանք հայտնվել էին Ամերիկայում: Եվ ահա 1925 թվականի մարտի 1-ին, Քոնեքթիքուտ նահանգի Հարթֆորդ քաղաքում ծնվում է նրանց դուստրը՝ Թագուհին:
Շուտով ընտանիքը տեղափոխվում է հայաշատ Կալիֆոռնիա, որտեղ փոքրիկ աղջիկը սկսում է երգել Սան Ֆրանցիսկոյի հայկական եկեղեցում՝ իր սիրունիկ ձայնով հմայելով պատարագի մասնակիցներին: Ծնողները, նկատելով երեխայի երաժշտական հակումը, նրան տալիս են դաշնամուրի և ջութակի դասերի: Երաժշտական կրթությունը շարունակվում է արդեն ավելի հիմնավոր հիմքերի վրա՝ Կալիֆոռնիայի համալսարանի երաժշտական ակադեմիայում և հընթացս բացվում են հանդիսատեսի առջև ելույթ ունենալու հնարավորությունները:
Ընդամենը մեկ տարի վոկալի դասեր առնելուց հետո նա արդեն երգում էր Սան Ֆրանցիսկոյի օպերայի երգչախմբում: Թագուհի Արմաղանյանի՝ «Մետրոպոլիտեն օպերայի» առաջին, այսպես ասած, «գրավումը» 1950 թվականին էր՝ Լուսին Ամարա բեմական անունով: Նա երգեց այս հռչակավոր թատրոնի իմպրեսարիո Ռուդոլֆ Բինգի մեծ աղմուկ հանած Վերդիի «Դոն Կառլոս» օպերայում՝ հնչեցնելով «Երկնային ձայնը»:
Նրա կարիերան սկսեց վերելք ապրել. գրեթե 1000 դերերգ, հրաշալի ու անմոռանալի կատարումներ: Լուսին Ամարան փառք բերեց ոչ միայն «Մետրոպոլիտեն օպերային», այլև համաշխարհային օպերային արվեստին ընդհանրապես: Նրա անունը մեկ այլ հայազգի օպերային պրիմադոննայի՝ Լիլի Չուքասզյանի անվան հետ ներառված է Միացյալ Նահանգների Վոկալ արվեստի փառքի սրահում:
Այս կինը, ասես «երգող ջութակ», ապրեց ստեղծագործական լեցուն մի կյանք: Նա եղավ նաև Հայաստանում՝ 1967 և 1992 թվականներին, և Հայկական ռադիոյի ոսկե ֆոնդին ի պահ տվեց իր գեղեցիկ կատարումները: Մեծ երգչուհու վարպետաց դասերը վայելեցին երգեցողական արվեստի ուղին ընտրած շատերը Մեքսիկայում, Ամերիկայում և Կանադայում:
Նրա ձայնը 80-ն անց տարիքում դեռ գերում էր ունկնդիրներին: Նա որոշել էր երգել նաև 100 տարեկանում և գրեթե հասավ իր նպատակին. մահացավ 99 տարեկան հասակում՝ 2024 թվականի սեպտեմբերի 6-ին՝ բացառիկ հետք թողնելով տիեզերքում հնչող գեղեցկագույն ձայների շարքում: