
Ռուսաստանում Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ահաբեկչական գործունեությանը նպաստելու մեղադրանքով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը։ Ըստ հաղորդագրության՝ Դուրովի նկատմամբ նաև միջազգային հետախուզում է հայտարարվել։
Քննչական մարմինների տվյալներով՝ Telegram-ի վարչակազմը չի հեռացրել այն ալիքները, խմբային զրույցներն ու բոտերը, որոնք, ըստ ռուսական կողմի, օգտագործվել են ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից Ռուսաստանում դիվերսիոն և ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու և համակարգելու նպատակով։
ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է, որ քննվում են մի շարք քրեական գործեր՝ կապված «Դեյվինչիկ/Լեո» Telegram բոտի օգտագործման հետ։ Ըստ կոմիտեի՝ այդ բոտը, ինչպես պնդում են ռուսական իրավապահները, կիրառվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից Ռուսաստանի քաղաքացիներին, հիմնականում անչափահասներին, դիվերսիոն և ահաբեկչական գործունեության մեջ ներգրավելու համար։