
Ռյազանի մարզում գտնվող Wildberries-ի լոգիստիկ պահեստում հրդեհ է բռնկվել՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածից հետո, հայտնում են Telegram-ի ASTRA և Exilenova+ ալիքները՝ հղում անելով իրենց իրականացրած OSINT (բաց աղբյուրների հետախուզություն) վերլուծությանը։
Հրապարակված լուսանկարների և տեսանյութերի վերլուծության համաձայն՝ հարվածի ենթարկված պահեստը գտնվում է Ռյազանի արդյունաբերական պարկում՝ Տյուշևո գյուղի հարևանությամբ։ Սակայն այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։
Wildberries-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ անվտանգության կանոններին համապատասխան իրականացվել է պահեստի աշխատակիցների տարհանում։ Ընկերությունը չի հաղորդել տուժածների կամ օբյեկտի վնասների մասին։
Վերջին օրերին Ուկրաինայի հեռահար անօդաչու թռչող սարքերի հարձակումների թիրախ են դարձել Wildberries-ի մի շարք լոգիստիկ կենտրոններ Ռուսաստանի տարբեր շրջաններում, ինչի հետևանքով մի շարք պահեստներում հրդեհներ են գրանցվել։