
Պաշտպանության նախարարությունը հերքել է զինծառայողին ծեծի ենթարկելու մասին լուրը։
««Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերից մեկը տարածել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն։
Նման հրապարակումները մոլորեցնում են հանրությանը՝ նպաստելով ապատեղեկատվության տարածմանը։
Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. զինծառայող Ա. Հ.-ն, որը զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ բնույթի առողջական խնդրով, ներկայումս գտնվում է դիտարկման և հետազոտման փուլում։
Նրա առողջական վիճակը լավ է, անհանգստացնող որևէ խնդիր չկա։
Պաշտպանության նախարարությունը պատրաստ է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին ուղեկցել հոսպիտալ՝ տեղում իրականությանը ծանոթանալու նպատակով»,- նշված է հայտարարության մեջ։
Նախարարությունից
հորդորում են զերծ մնալ կեղծ և սուտ տեղեկություններ տարածելուց, ինչպես նաև հասարակության շրջանում ՀՀ բանակի հեղինակությունը վարկաբեկելուն ուղղված անհիմն փորձերից։