«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը հայտարարել է, որ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած որոշմամբ սահմանափակվում է խորհրդարանում հավատարմագրված լրագրողների աշխատանքը և ազատ տեղաշարժը։
Ղահրամանյանի խոսքով՝ «ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները հաստատելու մասին» որոշմամբ լրագրողների համար սահմանվում է հատուկ առանձնացված աշխատանքային տարածք, իսկ «հատուկ վերահսկելի գոտիներում» նրանց գործունեությունն արգելվում է։
Պատգամավորը նշել է նաև, որ լրացուցիչ պահանջներ են սահմանվում ԱԺ հանձնաժողովների նիստերը լուսաբանելու համար․ լրագրողների ցուցակները պետք է ներկայացվեն նիստի մեկնարկից առնվազն երկու ժամ առաջ։
Նրա պնդմամբ՝ նոր կանոններով նաև արգելվում է ԱԺ նիստերի դահլիճը տեսանկարահանել օթյակից, ինչի հետևանքով, եթե խորհրդարանի ուղիղ հեռարձակումը դադարեցվի, լրատվամիջոցները չեն կարողանա ինքնուրույն արձանագրել նիստերի ընթացքը։
Ղահրամանյանը հավելել է, որ որոշմամբ արգելվում է նաև ծառայողական պարտականությունները կատարելիս լուսանկարել կամ տեսաձայնագրել ՊՊԾ աշխատակիցներին։ Նրա գնահատմամբ՝ այս սահմանափակումները չեն կարող հիմնավորվել անվտանգության նկատառումներով և փաստացի սահմանափակում են խոսքի ու մամուլի ազատությունը։
