Նոր քայլ դեպի ներառական հասարակություն. «Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն» մասնագիտություն. «Դպրություն»

Մեր երկրում կրթական համակարգը շարունակում է արձագանքել ժամանակի պահանջներին՝ ներդնելով նոր մասնագիտություններ, որոնք միտված են ոչ միայն աշխատաշուկայի կարիքների բավարարմանը, այլև ավելի ներառական հասարակության ձևավորմանը։ Այդպիսի կարևոր նախաձեռնություններից է Երևանի պետական հումանիտար քոլեջում ներդրված «Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն» մասնագիտությունը։

Սա կրթական նոր ծրագիր լինելուց բացի, կարևոր ներդրում է ներառական հասարակության կառուցման ճանապարհին։ «Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն» մասնագիտությունը կոչված է պատրաստելու այն մասնագետներին, ովքեր կապ կհանդիսանան մարդկանց միջև և կօգնեն, որպեսզի հաղորդակցությունը հասանելի լինի բոլորի համար։    

Միջին մասնագիտական կրթական ծրագրի տևողությունը՝ միջնակարգ կրթության հիմքով, երկու տարի է։ Այս տարի առաջին անգամ Երևանի պետական հումանիտար քոլեջը նշված մասնագիտությամբ կիրականացնի ընդունելություն.հատկացվել է 25 տեղ՝ 13 անվճար, 12 վճարովի։                                                                                                                                                          

Այս մասնագիտության ընդունելության համար մրցութային են համարվում «Հասարակագիտություն», «Կենսաբանություն» և «Հայոց լեզու» առարկաների ավարտական վկայականի միավորները:

Ինչպե՞ս ծնվեց այս գաղափարը, ինչպիսի՞ մասնագետներ են պատրաստվելու, ինչո՞ւ է դրա կարիքը զգացվում այսօր, և ինչպիսի՞ փոփոխություններ կարող է այն բերել հասարակության կյանքում։    

«Դպրության» տաղավարում են ԿԳՄՍ նախարարության մասնագիտական կրթության և ուսուցման քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ Սիրանուշ Մելոյանը, Երևանի պետական հումանիտար քոլեջի տնօրեն Մարիամ Մինասյանը և Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Լուսինե Բաբայանը։

Leave a Comment