2026 թվականի հուլիսի 22-ին Հակակոռուպցիոն դատարան է մուտքագրվել Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նախկին ավագ քննիչ Վ. Ա.-ի վերաբերյալ քրեական գործը Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Էդուարդի Պետրոսյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։
Դեպքի հանգամանքները
Վ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ քննչական կոմիտեյի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ և լինելով թիվ 20199624 քրեական վարույթի նախաքննությունն իրականացնող պաշտոնատար անձ, 2024 թվականի հոկտեմբերի 30-ին Ա. Չ.-ի բնակարանում կատարել է խուզարկություն, որի ընթացքում, ի թիվս այլնի, հայտնաբերվել և վերցվել են 5 հատ 100 ԱՄՆ դոլար և 2 հատ 20 եվրո թղթադրամները, որոնք Վ. Ա.-ի կողմից փաթեթավորվել և կնքվել է ՀՀ քննչական կոմիտեի թիվ 086 կնիքով, որը տեղադրվել է թիվ 14 պայմանական համարով ծրարում’ վերջինիս վրա կատարելով համապատասխան գրառումը: Մինչև 2025 թվականի փետրվարի 5-ը նշված քրեական վարույթով Վ. Ա.-ը հանդիսացել է քրեական վարույթի նախաքննությունն իրականացնող պաշտոնատար անձ, որի ընթացքում հափշտակել է նրան վստահված, այսինքն` նրա տնօրինմանը, տիրապետմանը փաստացի ինչպես նաև իր լիազորությունների ընթացքում իրականացված խուզարկության արդյունքում վերցված 214.824 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար և 40 Եվրո գումարը:
Այնուհետև հետագայում հափշտակված գումարի բացակայությունը քողարկելու նպատակով պատրաստել և 5 հատ 100 ԱՄՆ դոլար և 2 հատ 20 եվրո թղթադրամներ գրառմամբ արտաքին ծրարի մեջ տեղադրել է երկրորդ` նույնաբովակդակ գրառմամբ, թղթադրամի չափով ծալած ծրարը, որի վրա հետագայում կատարել է առաջին ծրարի գրառմանը համանման ձեռագիր գրառումներ, որը հետագայում հայտնաբերվել է Դատարանում հիմնական դատալսումների ժամանակ ապացույցների հետազոտման ընթացքում, որտեղ պարզվել է, որ ամբողջականությունը չխախտված Վ. Ա.-ին պատկանած ՀՀ քննչական կոմիտեի թիվ 086 կնիքով կնքված ծրարի ներսում առկա է եղել երկրորդ՝ նույնաբովանդակ գրառմամբ ծրար, որը եղել է պատռված և 214.824 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՍՆ դոլար և 40 Եվրո գումարը բացակայել է:
Վ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։