Հյուսիս-Հարավ մայրուղու երկայնքով գովազդային վահանակների տեղադրումը կարգելվի

Iravaban.net-ըուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի հիմնական հատվածներում արգելել գովազդային վահանակների տեղադրումը։ Կառավարությունը հիմնավորում է, որ նման կառույցները կարող են շեղել վարորդների ուշադրությունը, վտանգել երթևեկության անվտանգությունը և խաթարել ռազմավարական նշանակություն ունեցող մայրուղու արտաքին տեսքը։

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը, որը ձգվելու է Իրանի սահմանից մինչև Վրաստանի սահմանը` ապահովելով Հայաստանի տարանցիկ կարգավիճակը և ներառում է Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման (Բավրա) և Մ-2 Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները, Հայաստանի Հանրապետության համար առանձնանում է իր աշխարհատնտեսական նշանակությամբ, քանի որ այն հանդիսանում է ոչ միայն տարանցիկ փոխադրումների օբյեկտ, այլև աշխարհաքաղաքական մրցակցության առանցք՝ լինելով եվրասիական ավտոտրանսպորտային տարանցիկ փոխադրումների Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող լոգիստիկ կարևոր բաղադրիչ։

Միջազգային մակարդակով այն համարվում է հեռանկարային ու նշանակալի տրանսպորտային և լոգիստիկ նախագիծ, որի ամբողջական գործարկմամբ նախատեսվում է խաղաղության խաչմերուկ նախագծի շրջանակում լիովին ինտեգրել Եվրոպան Ասիայի հետ կապող տրանսպորտային երթուղիներին և ապահովել ռազմավարական միջանցք դառնալու աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական հնարավորություններ։

Հաշվի առնելով Հյուսիս-Հարավ ավտոտրանսպորտային միջանցքի վերը նշված առանձնահատկությունները և այն հանգամանքը, որ առկա է խիստ մրցակցություն հարևան երկրների նմանատիպ ավտոմոբիլային միջանցքների հետ՝ անհրաժեշտ է առանձին հայեցակարգային մոտեցում ձևավորել մայրուղով երթևեկության անվտանգության ապահովմանը, որպես ավտոտրանսպորտային միջանցք կահավորանքին, երթևեկության անվտանգությանը, արտաքին տեսքին և  գրավչությանը։

Իրավական ակտի նպատակը Հյուսիս-Հարավ ավտոտրանսպորտային միջանցքի առանցքը հանդիսացող՝ Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման (Բավրա) և Մ-2 Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ամբողջ երկայնքով տրանսպորտային միջանցքի բուն նշանակությանը չվերաբերող տարատեսակ գովազդային վահանակների տեղադրման արգելքի սահմանումն է։

 Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում գովազդային վահանակները տեղադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի (գովազդային վահանակի) տեղադրման, ինչպես նաև ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգը սահմանելու մասին» N 765-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով (այսուհետ՝ Կարգ)։ Կարգում առկա իրավական կարգավորումները հնարավորություն են ընձեռնում գովազդային վահանակներ տեղադրել Հայաստանի Հանրապետության բոլոր ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում։ Նշված ավտոմոբիլային ճանապարհներին օրինական կամ ապօրինի տեղադրված են բազմազան տեսքի գովազդային վահանակներ և գովազդի այլ կառուցվածքային տարրեր, որոնց առկայությունը խաթարում է ճանապարհների արտաքին տեսքը, ապօրինի կամ անխնամ տեսքի վահանակների ապամոնտաժումը տևական գործընթաց է։

2009 թվականի օգոստոսի 6-ի N 968-Ա որոշմամբ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության իրականացման նպատակով կասեցված է Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման (Բավրա) և Մ-2 Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտի և պաշտպանական գոտու սահմաններում համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վրա քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար կառուցապատման թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման գործընթացը։ Մինչև մայրուղու շինարարարության ավարտը նպատակահարմար ենք համարում ընդունել վերը նշված միջպետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտի և պաշտպանական գոտու սահմաններում, այդ թվում՝ բնակավայրերի սահմանների և Երևանի միջով անցնող տարանցիկ հատվածներում գովազդային վահանակների տեղադրումն արգելող կարգավորում։

  Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է Կարգի ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի (գովազդային վահանակի) տեղադրումն արգելող իրավական կարգավորումներում կատարել փոփոխություն և գովազդի (գովազդային վահանակի) տեղադրումն մերժելու իրավական հիմք սահմանել այն դեպքերը, եթե այն տեղադրվելու է Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման (Բավրա) և Մ-2 Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտի և պաշտպանական գոտու սահմաններում, ընդ որում՝ սույն կարգավորումը տարածել նաև նշված ավտոմոբիլային ճանապարհների բնակավայրերի սահմանների և Երևանի միջով անցնող տարանցիկ հատվածներում գովազդային վահանակների տեղադրման համար ներկայացված դիմումների վրա։

Կարգավորման առարկան  

Կարգավորման առարկան Հյուսիս-Հարավ ավտոտրանսպորտային մայրուղու առանցքը հանդիսացող՝ Մ-1 Երևան–Գյումրի–ՀՀ սահման (Բավրա) և Մ-2 Երևան–Երասխ–Նորավան–Տաթև–Կապան–Մեղրի–ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներներն են, որի ամբողջ երկայնքով տրանսպորտային միջանցքի բուն նշանակության հետ չառնչվող և միջանցքի արտաքին կահավորմանը տրամաբանությանը չվերաբերող, տարատեսակ գովազդային վահանակների տեղադրման արգելքի սահմանումն է՝ արագընթաց ավտոմոբիլային մայրուղում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և պատշաճ արտաքին տեսքի ապահովման նկատառումներով։

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

1․ Հաշվի առնելով, որ Հյուսիս-Հարավ ավտոտրանսպորտային միջանցքի առանցքը հանդիսացող՝ Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման (Բավրա) և Մ-2 Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներներն արագընթաց են՝ գովազդային վահանակները կարող են երթևեկության մասնակիցների համար հանդիսանալ ուշադրությունը շեղող կառույցներ, ինչը վտանգելու է սույն տրանսպորտային միջանցքի երթևեկության անվտանգությունը։ Իրավական ակտի ընդունման նպատակը նշված տրանսպորտային միջանցքում գովազդային վահանակների  տեղադրման արգելքի սահմանումն է, որի դեպքում նշված միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները ամբողջ երկայնքով զերծ կլինեն տրանսպորտային միջանցքի բուն նշանակությանը չվերաբերող տարատեսակ գովազդային վահանակներից։

2․ Իրավական ակտի կիրառումը կապահովի նշված ավտոմոբիլային ճանապարհներին օրինական կամ ապօրինի տեղադրված բազմազան տեսքի գովազդային վահանակների և գովազդի այլ կառուցվածքային տարրերի առկայությունից և կապահովի ճանապարհների պատշաճ արտաքին տեսքը։

Այսպիսով՝ իրավական ակտի կիրառումը նպատակ ունի բարձրացնել Հյուսիս-Հարավ ավտոտրանսպորտային միջանցքի առանցքը հանդիսացող՝ Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման (Բավրա) և Մ-2 Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներներով իրականացվող երթևեկության անվտանգությունը, ապահովել արտաքին տեսքը։

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների    նախարարության կողմից:

Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների  և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ։

Իրավական ակտի կապը ՀՀ կառավարության ռազմավարական փաստաթղթերին առկա չէ։

Leave a Comment