Պետական եկամուտների կոմիտեն հրապարակվել է 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2026 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 111 միլիարդ 163 միլիոն դրամ։ Պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 125 միլիարդ 92 միլիոն դրամ․ նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է ավելի քան 986 միլիարդ 71 միլիոն դրամ:
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 940 միլիարդ 128 միլիոն դրամ․ պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 120 միլիարդ 708 միլիոն դրամ։
Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 171 միլիարդ 35 միլիոն դրամ․ պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 4 միլիարդ 384 միլիոն դրամ։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» մեկ տարվա ընթացքում վեցերորդ հորիզոնականից բարձրացել է առաջին տեղ։ Ընկերության հարկային վճարումները 20.4 միլիարդ դրամից աճել են մինչև 41.6 միլիարդ դրամ։
Երկրորդ տեղում «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունն է, որը նախորդ տարվա առաջին կիսամյակի առաջատարն էր։ Այս տարի ընկերությունը պետական բյուջե է վճարել 38.2 միլիարդ դրամ։
Երրորդ հորիզոնականում «Արդշինբանկն» է, որը նախորդ տարվա չորրորդ տեղից բարձրացել է մեկ հորիզոնական՝ հարկային վճարումներն ավելացնելով 28.0 միլիարդ դրամից մինչև 33.6 միլիարդ դրամ։
Առաջին հնգյակում տեղ են գտել նաև «Գազպրոմ Արմենիան» և «Գրանդ Տոբակոն»։ «Գազպրոմ Արմենիան» նախորդ տարվա երրորդ տեղից նահանջել է չորրորդ հորիզոնական՝ չնայած հարկային վճարումներն ավելացրել է 28.0 միլիարդից մինչև 31.5 միլիարդ դրամ։ «Գրանդ Տոբակոն» երկրորդ տեղից տեղափոխվել է հինգերորդ հորիզոնական՝ վճարելով 29 միլիարդ դրամ հարկ։