Երևանի նախկին փոխքաղաքապետ, Կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դավթյանը հուլիսի 28-ին՝ ժամը 12:00-ին հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական հարթակից։ 2023 թվականի օգոստոսի 24-ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել է Դավթյանին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն, որի ուսումնասիրության նախնական արդյունքներով Իրավասու մարմինը կազմել է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ամփոփագիր:
Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով Կարեն Դավթյանը իրավունք ունի ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև՝ հայտարարագիր: Հայտարարագիր ներկայացնելու դեպքում դրանում կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տվյալներ ներկայացնելը հանգեցնում է օրենքով նախատեսված պատասխանատվության։
Նույն ուսումնասիրության շրջանակներում Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն են հրավիրվել նաև Կարեն Դավթյանի ընտանիքի անդամնեը, այդ թվում երեխաները և նրանց ընտանիքի անդամները։