Ավելի քան 250 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված խոշոր անտառային հրդեհների պատճառով, հայտնել է The Guardian-ը։
Շուրջ 70 հազար բնակիչ տարհանվել է Իսպանիայի կենտրոնական հատվածում, ևս 197 հազարը՝ Ֆրանսիայում, այդ թվում՝ տասնյակ հազարավոր մարդիկ Բորդոյից։
Իսպանիան անտառային հրդեհների պատճառով առաջին անգամ հայտարարել է համազգային նշանակության արտակարգ դրություն։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը տարհանումն անվանել է խաղաղ ժամանակաշրջանում «խոշորագույնը»։
Հարյուրավոր հրշեջներ շարունակում են պայքարել կրակի դեմ։ Հրդեհների տարածմանը նպաստում են շոգի երկարատև ալիքներն ու ուժեղ քամին։ Իսպանիայում երեք խոշոր օջախներից երկուսը միավորվել են, իսկ Ֆրանսիայում կրակը մոտեցել է Բորդոյին մոտ 32 կմ-ով։
Իշխանությունները կարգադրել են տարհանել Բորդոյի արևմտյան արվարձանների բնակիչներին։ Ոստիկանությունը շրջել է տներով, իսկ ափամերձ շրջանների որոշ բնակիչներ ստիպված են եղել նավակներով լքել վտանգավոր գոտին։ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լեկորնյուի խոսքով՝ Ժիրոնդում հրդեհն այնքան հզոր է դարձել, որ սկսել է ստեղծել իր սեփական օդային հոսանքները։
Օդի որակի վատթարացման պատճառով Իսպանիայի առողջապահության նախարար Մոնիկա Գարսիան Մադրիդի բնակիչներին կոչ է արել դուրս չգալ փողոց, խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և ծխի կամ մոխրի առկայության դեպքում դիմակներ կրել։
Վալենսիայի նահանգի Մանիսես քաղաքում բռնկված մեկ այլ հրդեհի հետևանքով տղամարդ է զոհվել։ Նրա մարմինը հայտնաբերվել է ձորակում գտնվող ավտոմեքենայի մեջ։ Մադրիդից արևմուտք բռնկված խոշոր հրդեհների հետևանքով զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Տարեսկզբից Իսպանիայում կրակն ավերել է 130 հազար հեկտար անտառ, ինչը մոտ մեկ երրորդով ավելի է տարեկան միջին ցուցանիշից։ Ֆրանսիայում այրվել է ավելի քան 98 հազար հեկտար տարածք, ինչը երկրի ներքին գործերի նախարարն անվանել է պատմական ռեկորդ։
Ֆրանսիային և Իսպանիային օգնություն են ուղարկել Խորվաթիան, Չեխիան, Հունաստանը, Իտալիան, Նիդերլանդները, Պորտուգալիան և Սլովակիան։ Եվրամիությունը Ֆրանսիայում գործի է դրել հինգ ինքնաթիռ և երկու ուղղաթիռ, ևս չորս ինքնաթիռ ուղարկել է Իսպանիա։
