Միացյալ Նահանգները քննարկում է Իրանի վրա ազդելու բոլոր տարբերակները և կուտակում է լրացուցիչ ուժեր Մերձավոր Արևելքում։ Այս մասին CBS News-ի եթերում հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցը։
Իրանի վրա ԱՄՆ հարվածները կասեցնելու վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ուոլցը նշել է, որ որոշումը կայացվել է «դիվանագիտությանը տարածք և որոշ ժամանակ տալու համար»։ «Կտեսնենք, թե ինչ կլինի առաջիկա օրերին։ Բայց մի մոռացեք, որ տարածաշրջան են տեղափոխվում լրացուցիչ ռազմական ուժեր», – հայտարարել է ԱՄՆ մշտական ներկայացուցիչը՝ նշելով, որ ԱՄՆ-ն «շարունակում է քննարկել Թեհրանի վրա ազդելու բոլոր տարբերակները»։
Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն կարող է վերսկսել Իրանի վրա հարվածները, Ուոլցը նշել է, որ «չի զրկի նախագահ (Դոնալդ Թրամփին) այդ տարբերակից»։ «Դա նրա որոշումն է։ Կտեսնենք, թե ինչի կհանգեցնեն շփումները», – ասել է Ուոլցը՝ բացատրելով, որ «բոլոր բանակցությունները, թե՛ ամենաբարձր, թե՛ տեխնիկական մակարդակներում, շարունակվում են»։